00:00:00

Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով

14:17, 24 հոկտեմբեր 2019 Քաղաքականություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Մեր գրավի միջնորդությունը մերժվեց, իսկ կալանքը երկարացնելու միջնորդությունը բավարարվեց: Մեզ համար սա անսպասելի որոշում չէր»,- նշեց Սարգսյանը։ Պաշտպանները պատրաստվում են բողոքարկել որոշումը: Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նրա եղբորորդին, ով ևս ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է եղել, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։ Խաչատրյանն ու նրա եղբորորդին ձերբակալվել են օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր