Մոսկվայում, կյանքի 84-րդ տարում , ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց հայ գեղանկարչության երևելիներից մեկը՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանը։Հենրի Էլիբեկյանը ծնվել է Թբիլիսիում, 1936 թվականի հունվարի 2-ին, անվանի թատերական գործիչ ու նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի ընտանիքում։ Չափազանց ընդարձակ են Հենրի Էլիբեկյանի ստեղծագործական ընդգրկումները։ Երևի չկա կերպարվեստի մի բնագավառ, որին անդրադարձած չլինի։ Երևի դրանով է բացատրվում այն, որ Հենրին երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հարցում։ Նա երկու տարի դերասանություն է սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա փոխադրվել Թբիլիսիի Շ.Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական ֆակուլտետ։ Այդ ընթացքում նա դերասան աշխատեց Թբիլիսիի Ստ. Շահումյանի անվան դրամատիկական թատրոնում։ Հետո նորից վերադարձավ Երևան, որտեղ գեղարվեստա-թատերական ինստիտուտում հետևեց գծանկարի և քանդակի դասընթացներին, հետո որպես դերասան աշխատեց Կիևի հեռուստաստուդիայում, միևնույն ժամանակ Կիևի գեղարվեստանախագծային հատուկ բյուրոյում աշխատեց որպես նկարիչ-գրաֆիկ և դիզայներ։ 1965 թվականին, արդեն երեսունին մոտ, վերջապես կողմնորոշվեց և ուսումը շարունակեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում, որն ավարտեց 1967 թվականին։