00:00:00

Թուրքիան արգելված քիմիական զե՞նք է օգտագործում Սիրիայում․ թուրքագետի մեկնաբանությունը

02:14, 22 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Irakanum.am-ի  զրուցակիցը  թուրքագետ Էլեն Քոքչյանն է։ -Ինչպես հայտնի է, հոկտոմբերի 17-ին պաշտոնական Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվեցին Սիրիայի հյուսիսում հնգօրյա հրադադարի շուրջ: Ի՞նչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում։ -Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության և ստեղծված իրավիճակի շուրջ զարգացումները պետք է դիտարկել Սոչիում կայանալիք Էրդողան-Պուտին հանդիպման շրջանակներում: Կախված է նրանից, թե ինչ քննարկումներ կլինեն և ինչ համաձայնություններ ձեռք կբերվեն այդ հանդիպման ընթացքում: Պատահական չէ նաև Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը   առ այն, որ եթե քրդական ուժերը սահմանված ժամկետում դուրս չգան այն շրջաններից, որտեղ Թուրքիան ծրագրում է «անվտանգության գոտի» ստեղծել, կրկին գործողություններ են սկսելու: Ըստ երևույթին, Թուրքիան ամեն գնով կփորձի հասնել այն կետին, ինչի համար երկար ժամանակ պատրաստվել է և ունի կոնկրետ ծրագիր: Այս ռազմագործողության տողատակում պետք է փնտրել Թուրքիայի համար օրակարգային մի քանի  հարց. սիրիացի փախստականների և քրդերի խնդիրը: Անշուշտ, այս հարթությունում պետք է տեսնենք նաև Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք «անվտանգության գոտու» խնդիրը: Թուրքիայի անթաքույց նկրտումները կհանգեցնեն Սիրիայի հյուսիսային շրջաններում դեմոգրաֆիական պատկերի փոփոխությանը և տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդմանը: «Անվտանգության գոտու» ձևավորմամբ Թուրքիան կհասնի իր առջև դրված խնդիրներից մեկի հաղթահարմանը և պատնեշ կդառնա քրդական որոշ ուժերի կողմից ինքնավարություն ստեղծելու միտումների համար: - Չնայած ԱՄՆ- ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը` Թուրքիան այժմ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքում: Հնարավո՞ ր է արդյոք, որ ԱՄՆ-ն ինչ-որ կոշտ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի դեմ: -ԱՄՆ-ն մինչ հնգօրյա հրադադարի հաստատումը բազմիցս հայտարարել էր, որ կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը՝ բերելով նաև նախորդ տարվա` ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի օրինակը: Ինչպես գիտեք, Թրամփն իր քաղաքականությամբ ԱՄՆ նախագահներից ամենաանկանխատեսելին է: Եթե հրադադարի վերջնաժամկետից հետո Թուրքիան լայնածավալ գործողություններ իրականացնի Եփրատից արևելք ընկած շրջաններում, ապա չի բացառվում, որ ԱՄՆ նախագահը կոշտ կհակազդի Թուրքիային: Թրամփն իր թվարկած 3 լուծումներից մեկն արդեն սկսել է կիրառել, «հաշտեցման քայլեր» ձեռնարկելով Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև: Ինչ վերաբերում է մյուս երկու լուծման ուղիներին, ապա չեմ կարծում, որպես ՆԱՏՕ-ի  անդամ երկիր ԱՄՆ-ն կնախընտրի խնդրի` ռազմական ճանապարհով կարգավորումը: Այս պարագայում ավելի իրատեսական է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը, որը կհանգեցնի թուրքական ազգային արժույթի` թուրքական լիրայի արժեզրկմանը: - Արդյո ՞ք Սիրիայում կատարվող գործողություններին միջազգային հանրությունն ու միջազգային կազմակերպությունները համարժեք գնահատական են տալիս: Իհարկե, ոչ: Դուք նկատեցիք, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ քննադատեցին Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը: Սակայն այդ քննադատությունները այդքան էլ համարժեք չէին: Այդ ամենը զուտ ձևական բնույթ էր կրում, ինչը հանդիպեցինք նաև բազմաթիվ երկրների կողմից հնչեցված կոչերում: Եվրոպայի դեպքում Թուրքիան` իր հերթին սպառնաց, որ կբացի «դարպասները» և 3.6 մլն սիրիացի փախստականի կուղարկի այնտեղ: Նմանատիպ սպառնալից հայտարարություններով պատասխանելը Թուրքիային բնորոշ ոճ է: -Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիան Սիրիայում՝ Ռաս Էլ Այն քաղաքում քիմիական զենք է կիրառում, մասնավորապես՝ արգելված սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք: Այդ մասին հոկտեմբերի 18-ին  նաև The Times թերթը գրեց․ ի՞նչ կասեք այս մասին։ -Թուրքական մամուլը հերքում է այդ լուրերը: Արտասահմանյան, մասնավորապես քրդական մամուլում է այդ լուրերը շրջանառվել: Քաղաքացիական անձանց, երեխաների վրա են այրվածքներ հայտնաբերվել, սակայն թուրքական մամուլը հերքել է քիմիական զենք կիրառելու փաստը: Միջազգային լրատվամիջոցներում նշվում է, որ արգելված սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք է օգտագործվել: Այժմ հետազոտություներ են անցկացվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր