00:00:00

«Էդ 3 միլիոն վարչապետներին հարցրե՞լ է Նիկոլը, որ նախարարների աշխատավարձերը գաղտնի կրկնապատկել է». Շարմազանով

00:55, 22 հոկտեմբեր 2019 Քաղաքականություն

Էդ 3  միլիոն վարչապետներին Նիկոլը հարցրե՞լ է, որ նախարարների  աշխատավարձերը գաղտնի կրկնապատկել է։ Այսպես արձագանքեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանձնարարականով  կրկնապատկել է նախարարների աշխատավարձերը։ Հիշեցնենք, որ, ըստ ՀԵՏՔ-ի հրապարակման, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Նախարարների աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, և այդ հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։ «Եթե այդ հրապարակումը համապատասխանում է իրականությանը, ապա մենք գործ ունենք Կառավարության ղեկավարի ասածի և արածի հակասության հետ։ Կառավարության այսօրվա գործունեությունը փաստորեն կապ չունի իրենց հայտարարած թափանցիկության հետ։ Եթե հանրությանը տեղյակ չեն պահել, եթե այդ նույն ժողովուրդը տեղյակ չէ, որ նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է, ուրեմն մենք գործ ունենք բառացիորեն կոռուպցիայի և պետական բյուջեն մսխելու հետ, մինչդեռ հայտարարում էին, թե հրապարակում հավաքված ժողովուրդն է ամեն ինչի որոշողը»,- ասաց  ՀՀԿ խոսնակը։ Վերջինս նշեց, թե դեմ չէ, որ պետական համակարգում աշխատողների աշխատավարձը բարձրանա, բայց ժամանակին նույն Նիկոլ Փաշինյանն իրենց էր քննադատում աշխատավարձերի բարձրացման համար ու շեշտում, որ գյուղերում տատիկ-պապիկները սոված են քնում, «նիսյա են առևտուր անում», իսկ մենք խոսում ենք պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին։ «Կրկնում եմ՝ եթե հրապարակման մեջ տեղ գտած տվյալները ճշգրիտ են, ապա Նիկոլ Փաշինյանը գործում է գաղտնի, և նրա այդ գաղտնի գործունեությունը իր մեջ պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ խոսնակին խնդրեցինք նաև մեկնաբանել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կապապետյանի այն հայտարաությունը, ըստ որի՝ «կարմիր գծեր հատվել են այն ժամանակ, երբ Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից»։ «Մեծ պատիվ կլինի, որ ես մեկնաբանեմ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունները, մեկնաբանեմ մի  մարդու ասած, որը պարզապես կրկնում է իր շեֆի խոսքերը։ Ես ընդամենը կասեմ՝ թող որևէ մեկը հիշի մի դեպք, երբ Գագիկ Հարությունյանը ասել է, որ իրեն պարտադրում են հրաժարական տալ։ Կրկնում եմ, չեմ մեկնաբանի Կարապետյանի խոսքերը, քանի որ իմ քաղաքական բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է, ում քաղաքական կրեդոն շարունակում է մնալ խաբեությունն ու պոպուլիզմը»,- ասաց  Շարամազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր