00:00:00

«Մեր երկրում ոստիկաններն ընդհանրապես պաշտպանված չեն․ այստեղ անելիք ունի նաև պետությունը»

01:46, 18 հոկտեմբեր 2019 Հասարակություն

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի  ոստիկան Տիգրան Առաքելյանի մահից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն  իր ցացակցական  ուղերձից հետո անդրադարձավ նաև ոստիկանների պաշտպանվածության խնդրին։ «Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի: Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը», -  նշել էր Փաշինյանը։ Հանցագործներին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում։ Հիշեցնենք՝ նախորդ տարի էլ HSBC  բանկի վրա հարձակումը կանխելիս իր ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվեց Արա Շախգուլյանը։ Հարց է առաջանում․ որքանո՞վ են մեր երկրում պաշտպանված ոստիկանները։ Արդյո՞ք կասկածյալի, hանցագործի հետ  բախվելիս իրենց աշխատանքը կատարելիս  նրանք կիրառում են  օրենքով  թույլատրվող ուժը, երբ դրա անհրաժեշտությունը կա, մանավանդ, երբ աչքի տակ այդ նույն ոստիկաններն օրինակներ են ունենում, երբ իրենց գործընկերներից ոմանց նկատմամբ նմանատիպ իրավիճակում հայտնվելուց հետո  խմբով  խոշտանգման   կասկածանքով մեղադրանք է առաջադրված կամ ավելի վատ՝ երբ  գործընկերներից ոմանք բանտում են, օրինակ, ծառայության ընթացքում  կասկածյալի կամ հանցագործի  նկատմամբ ուժ կիրառելու, հանցագործին խոշտանգելու մեղադրական դատավճռով (չենք վիճարկում դատարանի որոշումը, բայց և փաստ է՝ չի կարելի բացառել, որ,  միգուցե, դատարանն արդար որոշում չի կայացրել ինչ-ինչ պատճառներով՝ գուցե, ապացույցների բացակայության, դրանց  սակավ լինելու կամ  այլ պատճառներով։ Որևէ դատավորի պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ չդնելով՝  արդարացիորեն պետք է նշել՝  Հայաստանի դատարաններում  իրականացված դատական որոշումների հետ կապված՝ ՄԻԵԴ-ի որոշումները  ցույց են տվել՝  մեր դատավորները  կարող են   նաև  ոչ արդարացի որոշումներ կայացնել)։ Դժվար է հիշել դեպքեր, երբ հանրությունը, ՀԿ-ները նման դեպքերում փորձել են կանգնել ոստիկանի կողքին, սատարել նրան,  բարձրաձայնել խնդրի մասին կամ պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել, միջազգային ատյաններ  հասնել՝ գործի արդար քննության հասնելու համար։ Անհերքելի է, որ հանցագործների,  կասկածյալների, կարգազանց քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառող ոստիկանները  հասարակության կողմից, սովորաբար, կոշտ քննադատության, դատապարտող պիտակավորումների են արժանանում, մինչդեռ այդ նույն  քննադատողները  մեծ մասամբ  չեն  փորձում  հարցին նայել խորությամբ, չէ՞ որ, գուցե, ոստիկանն ինքնապաշտանվել է կամ հանցագործությունը կանխելու կամ նախականխելու համար է ուժ կիրառել․ նման դեպքերում, սովորաբար,  ոստիկանը միշտ «մեղավոր է»՝  ծեծողի, պատժողի, իր լիազորությունները չարաշահող անհոգի մարդու  պիտակավորումներով։ Մեդալի մյուս կողմին նայելով՝ պետք է արձանագրել, որ, անշուշտ,   պետք չէ բացառել, որ  կան նաև անբարեխիղճ, իրենց լիազորությունները չարաշահող ոստիկաններ, որոնք   պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ փաստաբան Կարինե Լալաբեկյանը  irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝ ըստ էության, ոստիկանները մեր երկրում ընդհանրապես պաշտպանված չեն։ «Թեև իրենք ձևականորեն մարտական զենք են կրում, շատ հազվադեպ են գործածում․ իրենց կողմից  զենքի գործածումը սովորաբար  որակվում է որպես ոստիկանի ոչ իրավաչափ գործողություն, սադրանք, լիազորությունների սահմանազանցում, և որպեսզի անկողմնականլ դիտորդի մոտ տպավորություն չստեղծվի, թե   ոչ իրավաչափ գործողություններ են իրականացրել կամ լիազորություններն են չարաշահել,  ոստիկանները մեծ մասամբ զերծ են մնում օգտագործել իրենց տաբելային զենքերը։ Երբեմն, չպատկերացնելով իրավիճակի լրջությունը, չճանաչելով դիմացինին, չիմանալով  նրա մարդկային որակները՝  ոստիկանները  զոհ են դառնում իրենց իսկ բարությանը։ Կարծում եմ՝ ոստիկանների պաշտպանվածությունը պիտի լինի ավելին, քան կա այսօր, մասնավորապես՝ գիշերային պարեկության ժամանակ  գոնե ավելի մեծ խմբերով պետք է  լինեն, զրահաբաճկոններով լինեն, ավելի շատ զինատեսակներ  ունենան»,   ասաց փաստաբանը։ Նա նշեց՝ մահացած ոստիկանի կորուստը  է։  Փաստաբանի խոսքով՝ թեև ծառայողական պարտականությունները կատարելիս  շատ հաճախ չեն սպանվում ոստիկաններ՝ համեմատած Ամերիկայի կամ այլ երկրների հետ, այնուամենայնիվ, արդեն իսկ մտահոգիչ է  այն փաստը, որ և՛ նախորդ տարի, և՛ այս տարի իրենց աշխատանքը բարեխղճորեն իրականացնող ոստիկանները  սպանվեցին․ դա ցավալի կորուստ է բոլորի համար․ ոստիկանը հասարակության պահապանն է, անվտանգության երաշխավորներից մեկը։ «Ոստիկանն այսօր անպաշտպան է, ու այստեղ անելիք ունի նաև պետությունը՝ սկսած տեխնիկական վերազինումից  մինչև կազմակերպչական հարցերի դասակարգում ու կազմակերպում։ Կարծում եմ՝ ոստիկաններին պետք է  պարբերաբար վերապատրաստումների ուղարկել՝ սպորտային  պատրաստվածությունը բարելավել,  որպեսզի ոստիկանն ինքնավստահ ու ուժեղ   զգա։   Իհարկե, լավ կլինի, որ նրանք  նաև  մարտարվեստների տիրապետեն։  Հարկավոր է  ոստիկաններին  տեխնիկապես հագեցած  ու բարեկարգված մարզասրահներից օգտվելու հնարավորթյուն տրամադրել,  և ի վերջո, ինչո՞ւ չէ,     պետք է թույլատրել, որպեսզի ոստիկանն անհրաժշտության դեպքում գործածի իր զենքը, թեև, պետք է նշեմ՝ իհարկե, մեր օրենքով նախատեսված է անհրաժեշտ պաշտպանության  ինստիտուտը, դա  չի կարելի սահմանազանցել։ Ոստիկանին նման դեպքերում կարող են մեղադրել   իր լիազորությունները սահնամազանցելու համար, բայց   դա արդեն ապացուցողական բազայի  խնդիր է․ պետք է հավաքել ապացույցներ՝ հասկանալու համար՝ դա իրոք անհրաժեշտ պաշտպանությո՞ւն էր, թե՞ լիազորությունների սահմանազանցում»։ Փաստաբան  Կարինե Լալաբեկյանի խոսքով՝ մեր անվտանգությունը պահպանողները՝ ոստիկանները ԱԻՆ աշխատակիցները  կամ, առհասարակ, անվտանգության աշխատակիցները այսօր մեր երկրում ամենաանպաշտպան   օղակն են և, ցավոք, նրանց ստացած աշխատավարձը բոլորովին   չի համապատասխանում  նրանց իրականացրած բարդ ու վտանգավոր աշխատանքին։ «Սկսած ոստիկանների աշխատավարձից  ու տեխնիկական վերազինումից՝ ստիկանության համակարգը  հիմնովին փոփոխության կարիք ունի», -  ընդգծեց Կարինե Լալաբեկյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում մեր անվտանգության երաշխավորների պաշտպանվածությունը կհզորանա,   և  վերջիններս իրենց իրականացրած բարդ ու մեծ նվիրում պահանջող աշխատանքին համապատասխան վարձատրություն կստանան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր