Լյուքսեմբուրգում Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Դյուդելանժի» և Ադրբեջանական «Ղարաբաղի» հանդիպման ընթացքում Արցախի դրոշը խաղադաշտ մտցնելու հեղինակներից Բելգիայում բնակվող Վարդան Վարդանյանն այսօր ժամանել է Հայաստան։
Հիշեցնենք՝ վերոնշյալ ֆուտբոլային հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի FAF ֆան-ակումբը հրապարակել էր դրոնի լուսանկարը և գրել, որ ակցիան իրականացրել են իրենց տղաները։
Միջադեպի պատճառով մրցավարն ընդհատել է խաղը և թիմերին ուղարկել հանդերձարան. այդ պահին խաղի հաշիվը 2:0 էր հօգուտ ադրբեջանական թիմի: Կարճ ժամանակ անց խաղը վերսկսվել է և ավարտվել 4:1 հաշվով:
irakanum.am-ի թցթակցի հետ զրույցում Բելգիայից ժամանած Վարդան Վարդանյանը պատմեց՝ վաղուց են նախատեսել նմանատիպ ակցիա, ևպարզապես սպասել են հարմար պահի։
«Մենք հարմար պահի էինք սպասում, որպեսզի ևս մեկ անգամ աշխարհին ապացուցեինք, որ Ղարաբաղը մերն է, ոչ թե Ադրբեջանինը։ Մեր ակցիայի նպատակը դա էր», - ասաց Վարդան Վարդանյանը։
Նա պատմեց՝ այսօր մոտ 70 հոգի գնացել է օգանավակայան, ծափերով ու եռագույններով դիմավորել իրենց։
«Ինձ, իսկապես, շատ լավ ընդունեցին, ես շատ շնորհակալ եմ նրանց», - ասաց Վարդան Վարդանյանը։
Խոսելով ակցիայի մասին՝ Վարդանը պատմեց՝ իհարկե, գիտակցել են, որ որոշակի վտանգներ կարող են սպառնալ իրենց, բայց, այնուամենայնիվ որոշել են ակցիան իրականացնել։
«Այդ միջադեպից հետո իմ ֆեյսբուքյան էջը ադրբեջանցիները արգելափակել էին, իսկ դրանից հետո 7 հազարից ավել սպառնալիքներով լի նամակներ ստացա ադրբեջանցիներից։ Այնուհետև ֆեյսբուքյան էջս ժամանաավոր փակեցի, մինչև իրավիճակը հանդարտվի, ապա մի քանի օր անց դարձյալ բացեցի։ Այժմ էջիս կարդավորումներն այնպես եմ միացրել, որ բացի իմ ընկերներից՝ մյուսներն ինձ չկարողանան անձնական նամակ ուղարկել», - ասաց Վարդան Վարդանյանը՝ հավելելով՝ չի բացառվում, որ առաջիկայում էլի ինչ-որ հետաքրքիր ակցիաներ կազմակերպեմ։