00:00:00

ՀՀ վարչապետը ՊԵԿ նախագահին դժգոհություններ է հայտնել կառույցի գործառույթների հետ կապված

17:57, 16 հոկտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ աշխատանքային քննարկումների ժամանակ դժգոհություններ է հայտնել ՊԵԿ-ի գործառույթների վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը գո՞հ է իր կատարած աշխատանքից: «ՊԵԿ-ի գործառույթների վերաբերյալ վարչապետը ներկայացրել է մեզ որոշ ցանկություններ, վերապահումներ ու դժգոհություններ: Դժգոհություններն իմ անձով պայմանավորված չեն եղել:  Կարծում եմ, որ ՊԵԿ-ն արդյունավետ է գործում, սակայն միշտ ավելի արդյունավետ գործելու տեղ կա, հետևաբար վարչապետի դժգոհությունները մոտիվացնող են»,- նշեց Անանյանը: Անդրադառնալով իր ՊԵԿ նախագահի պաշտոնից հեռանալու հարցին՝ Անանյանն ընդգծեց, որ հետագայում, եթե լինի իրենից ավելի արդյունավետ աշխատող, ապա ինքը կհեռանա: «Եթե կլինի հետագայում այնպիսի իրավիճակ և այնպիսի անձ, որը շատ ավելի լավ և արդյունավետ կիրականացնի այս աշխատանքը, իհարկե, ես պետք է հեռանամ: Ընդհանրապես, անփոխարինելի մարդ գոյություն չունի»,- շեշտեց ՊԵԿ նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր