00:00:00

«Դա կլինի իրավական կամայականություն»․ Լ․ Ալավերդյանը՝ ՍԴ-ն ցրել-վերակազմավորելու միջոցով նոր Գերագույն մարմին ստեղծելու գաղափարի մասին

13:53, 16 հոկտեմբեր 2019 Հասարակություն

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝   Ազգային ժողովի դիմումի հիման վրա  Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը ՍԴ մերժումից հետո  իշխանությունները քննարկում են, թե ինչ կարող են ձեռնարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսած այս գործընթացը հաջողության հասցնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  ի թիվս այլ տարբերակների, որպես լուծում՝ նեղ շրջանակներում քննարկվել է Սահմանադրական դատարանը ցրել-վերակազմավորելու միջոցով նոր Գերագույն մարմին ստեղծելու գաղափարը՝ բնականաբար, նոր կազմով: Դեռեւս մայիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյան հրաժարականի հարցը քննարկելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել էր. «Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞չցրեցին»: Պատգամավորն ասել էր եւ կարդացել Սահմանադրության անցումային դրույթները, որոնք իրավունք ու հնարավորություն են տալիս, որ ԱԺ-ն ցրի այդ մարմինները: Եւ, ահա, իշխանությունները մտմտում են այդ ճանապարհով գնալու մասին: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գորադիր տնօրեն, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Ճիշտն ասած՝ այն, ինչի մասին  նշեցիք, այս իշխանության դեպքում հնարավոր է։ Այս իշխանությունը կարող է նախաձեռնել   ցանկացած քայլ՝  իրավական կամ քաղաքական  տրամաբանությունից դուրս։  Այս իշխանությունը հնարքներ ունի՝ տարածական  մեկնաբանություններով ամբողջովին խեղաթյուրելու  թե՛ եղած Սահմանադրությունը, թե՛ ապագա, այսպես ասած, նախատեսվող Սահմանադրությունը»։ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ այս ամենը կոչվում է իրավական կամայականություն։ «Ամեն դեպքում, որևէ զարմանալի բան չկա այս իշխանության դեպքում։  Եթե  նման բան տեղի ունենա,  դա կլինի իրավական  կամայականության դրսևորում։  Դա նաև նշանակում է, որ ԱԺ   իշխանական թևի կազմը  երբևէ  կերպ  հաշվի չի առնելու թեկուզ իր կողմից գրված նորմերը։ Այսինքն՝ դա արդեն ոճ է, և այդ ոճը, ինչպես ցույց է տալիս պատմական օրինակը, տանում է դեպի քաոս։ Ցավոք, դժվար է ասել՝  այս խնդրի հետ կապված՝  իշխող քաղաքական ուժի   ներսում  կհամաձայնե՞ն  իրար հետ կամ այդ խմբի մեջ  կգտնվե՞ն ավելի խելամիտ, հավասարակշռված և վերջապես   բարեխիղճ  պատգամավորներ, թե՞   կշարունակվի այս իրավական կամայականության  ճանապարհը», -  եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր