Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուան՝ խոսելով Ստեփանակերտում բերքին տոնի մասին։
«Իմ վերջին այցն անցած տարի հոկտեմբերին էր, այս տարի ևս հիմա եմ եկել։ Իհարկե, ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ այս փառատոնին ներկա լինելու համար, տպավորված եմ տաղավարների և հրապարակում ներկա մարդկանց քանակով։ Զբոսնելուց տեսա գյուղատնտեսական սարքավորումներ, մեքենաներ, որոնք նույնն են, ինչ Ֆրասիայում։ Ուզում եմ ասել, որ շատ լավ նախադրյալներ կան ապագայի, զարգացման համար»,–նշեց նա։
Ֆրանսուա Ռոշբլուան նկատում է՝ Արցախը զարգանում է. «Այս տարիների ընթացքում ինչ այցելում եմ Արցախ, այն նշանակալի զարգացում է ապրել։ Նկատելի զարգացում կա, ոչ միայն մայրաքաղաքում, այլ շրջանների որոշ մասում»։
Նրա խոսքով՝ Արցախում է Արցախի ԱԳՆ-ի ու ՀՅԴ-ի հրավերով. «Այո, ես ստացել եմ Արցախի Հանրապետության նախարարության և ՀՅԴ հրավերը մասնակցել Արցախի բարեկամների համաժողովին և ընդունել եմ այն։ Իհարկե, նաև եկել եմ իմ արցախցի ընկերներին հանդիպելու համար, որից մեկը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն է»։