00:00:00

Իշխանությունները՝ փակուղում

17:53, 02 հոկտեմբեր 2019 Իրավական

Արարատի մարզի Նորաշեն համայնքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, որի կենտրոնում հայտնվել են  մարզպետ Գարիկ Սարգսյանն ու նույն համայնքի՝ մարզպետի որոշման զոհ դարձած արդեն նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանը, կարող է նոր գլխացավանքի վերածվել իշխանությունների համար: Համայնքի բնակիչները խոստացել են իրենց բողոքը տեղ հասցնելու համար ցույցի դուրս գալ անմիջապես Կառավարության մոտ, ճանապարհներ փակել, ինչ էլ լինի՝ հասնել արդարության հաղթանակին: Ինչպես հավաստիացրել են բնակիչներն ու  նախկին գյուղապետը, նմանօրինակ կամայականության բուն պատճառը քաղաքական է: Պարզվում է՝ Գարիկ Սարգսյանը համայնքապետին առաջարկել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն վերջինս հրաժարվել է, ինչն էլ առիթ է դարձել, որպեսզի մարզպետն ակնհայտորեն չարաշահի սեփական լիազորությունները: Ցավոք, պետք է արձանագրենք, որ «նոր» Հայաստանում  այսպիսի իրավիճակներն այլևս դադարել են զարմանք հարուցել: Բոլոր նրանք, ովքեր փորձում են գոնե մի փոքր կամք դրսևորել, չտրանսֆորմացվել, անկախ ունեցած ազդեցության մեծությունից, անկախ տրամաչափից ստիպված բախվում են անհաղթահարելի արգելքների: 19 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, սակայն, միայն վերոնկարագրյալ դեպքով չէ, որ աչքի են ընկել: Դրանք, կարելի է ասել, իսկական սկանդալի են վերածվել հենց իշխանությունների համար, քանի որ ակնհայտորեն չեն արդարացրել նրանց առավելապաշտական հույսերը. ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներից տեսանելի է դառնում, որ  այն համայնքապետները, որոնք աշխատում են դեռևս նախկին իշխանությունների ժամանակվանից, հիմնականում վերընտրվել են: Ի դեպ՝ նրանց մեջ քիչ չեն նաև Փաշինյանի «աչքի փուշ» համարվող Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացողները: Հետաքրքրական է, որ սրանից առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում նույնպես գրանցվել էր գրեթե նույնատիպ պատկեր, և դեռ այն ժամանակ էին իշխանությունները ստիպված եղել համոզվել, որ հեղափոխական պոպուլիզմն առնվազը մարզերում խնդիր չի լուծել: Թվում էր՝ հեղափոխական էյֆորիան, որի մասին իշխանությունները շատ են սիրում թմբկահարել, պետք է իր ազդեցությունը թողած լիներ նաև մարզաբնակ մեր հայրենակիցների վրա, այնինչ ճիշտ հակառակ պատկերն է արձանագրվում: Եվ ուրեմն՝ իշխանությունների առաջ չի դադարում ծառացած մնալ մի պարզ հարց՝ ի՞նչ անել: Այս հարցի պատասխանը գտնելու համար նույն Նիկոլ Փաշինյանը ստիպված է իր համար արձանագրել մի քանի կարևորագույն փաստ: Առաջինն այն է, որ չդադարող էյֆորիայի մասին խոսակցություններն իրականում իշխանական քարոզչական հնարք են, որն ամբողջությամբ խեղաթյուրում է իրական պատկերը՝ ցանկալին իրականության տեղ մատուցելով: Երկրորդ՝ եթե այն ինչ-որ ժամանակ գոյություն էլ է ունեցել, ապա այժմ, նախևառաջ պայմանավորված իշխանական թիմում ներգրավվածների կառավարչական «տաղանդով», փաստացի փոշիացվել է, մսխվել. այսօր ոչ ոք չի կարող անվիճելիորեն հիմնավորել ասենք ՔՊ-ի առավելությունը նախկինում դոմինանտ եղած ուժերի նկատմամբ՝ աչքի առաջ ունենալով հետհեղափոխական Հայաստանի իրականությունը: Երրորդն այն է, որ Փաշինյանի առաջնորդած ուժն ի սկզբանե չի ունեցել և չունի որևիցե ծրագիր, տեսլական, թե ինչպես պետք է զարգանա պետությունը: Իսկ սա մի հանգամանք է, որի նշանակությունն առավելապես զգալի է դառնում հենց ընտրությունների ժամանակ, երբ ընտրողները փորձում են ծանրութեթև անել քաղաքական գործիչների կամ անհատների կողմից առաջարկվող ծրագրերն ու գաղափարները: Չորրորդ՝ ՔՊ-ն ներկայացնողներից շատերը մարդկանց հաճախ քիչ հայտնի անձինք են, ինչը չի կարող անհետևանք մնալ: Փորձը ցույց է տալիս, որ միայն Փաշինյանի թիմից լինելը հաճախ բավարար չէ՝ հասարակությանը վստահություն ներշնչելու համար: Այս իրավիճակում Փաշինյանի համար միակ փրկօղակը կարող է դառնալ իր իսկ թիմում ընդգրկվածների շրջանում, պայմանական ասած, «վեթինգի» անցկացումը: «Վեթինգի» պետք է ենթարկվի ոչ թե դատաիրավական համակարգն, այլ վարչապետի թիմը՝ ծայրից ծայր: Բացի այն, որ այդպես շատ ավելի արդար կլինի, դա կարող է նաև օգտավետ լինել Փաշինյանի քաղաքական շահի տեսանկյունից՝ ազատվելու ավելորդ բալաստից, բարձրացնելու քաղաքական թիմի էֆեկտիվությունը: Սակայն նման համարձակ քայլի կարող է գնալ միայն նա, ում քաղաքական կապիտալը մսխված չէ, ում հեղինակությունը խարխլված չէ, ում հենարանն իսկապես ժողովուրդն է: Ովքե՞ր են այսօր Փաշինյանի հենարանը՝ ահա, թերևս, հարցերի հարցը…

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր