00:00:00

Երեկ «հերոսաբար» ձերբակալված երիտասարդը դասական առումով քաղբանտարկյալ է. Ռուբեն Մելիքյան

17:41, 28 սեպտեմբեր 2019

Երեկ «հերոսաբար» ձերբակալված երիտասարդը դասական առումով քաղբանտարկյալ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով Նարեկ Մութաֆյանին ձերբակալելու ոստիկանության հրապարակած տեսանյութին: «Հարգելի իրավապաշտպաններ և «իրավապաշտպաններ», Կարճ պարզաբանեմ՝ ինչ է նշանակում քաղաքական բանտարկյալ։ Ըստ ԵԽԽՎ սահմանած չափանիշների (բանաձև 1900, 2012թ)՝ դա այն անձն է, որի նկատմամբ պետությունը, քաղաքական նկատառումներով, ակնհայտ ավելի խիստ է վարվում, քան համանման իրավիճակներում այլ անձանց նկատմամբ։ Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ միջամտություն թույլ տված անձին այս գիշեր ոչ միայն ձերբակալեցին, այլև պետությունը (նկատեք՝ ոչ լրատվամիջոցը, այլ պետությունը՝ ոստիկանությունը) հրապարակեց անձի արժանապատվությունը արատավորող ձևով այդ անձի ձերբակալման կադրերը։ Մեկնաբանությունում ներկայացված տեսանյութում երևում է, թե իշխող ուժի մի խումբ կողմնակիցներ ինչպես են ոտնձգում (ընդհուպ՝ ֆիզիկապես) Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ։ Ոտնձգողներից որևէ մեկը չի ձերբակալվել, ավելին՝ նրանցից որևէ մեկի նկատմամբ որևէ ընթացակարգ չի կիրառվել։ Ընդ որում, միջադեպը տեղի է ունեցել ընդամենը հունիսի 5-ին՝ հարյուր օր առաջ, ինչը նշանակում է, որ «ժամանակային խզման» փաստարկը չի աշխատի։ Հետևություն։ Երեկ «հերոսաբար» ձերբակալված երիտասարդը դասական առումով քաղբանտարկյալ է։ ՀԳ. Երեկվանից տիեզերական ողբ դրած՝ իշխող քաղաքական ուժի սպասարկուները երեսպաշտ են և փարիսեցի։ Նրանք ոչ թե գաղափար են պաշտպանում (դատավորի նկատմամբ միջամտությունն անթույլատրելի է), այլ, իրենց ընկալմամբ, իրենց կողմնակցին։ ՀԳ-2. Երեկ արտահայտածս մոտեցումն անխախտ է - դատավոր Դանիբեկյանի հետ կատարված միջադեպն անթույլատրելի էր։ Բայց պանդորայի արկղը բացողը հենց իշխանություններն էին»- գրել է նա։ Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել  է «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, նրան հարցեր ուղղել: Մտնելով դատարանի շենք Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ  ահազանգել է իրավապահներին: Նարեկ Մութաֆյանին գիշերը ձերբակալել են, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր