Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջի սկանդալային գրառումը հեռացրել է: Հիշեցնենք, որ ավագանու անդամը քիչ առաջ գրել էր. «Սա ձեզ համար 90-ականները չի,որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը:
Ես որպես 90-ականնեի երեխա,ով էդ սարսափի մեջ է մեծացել թույլ չեմ տալու,որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»:
Գործընկերոջ՝ ականջները ծամելու «առաջարկ- սպառնալիքը» ըստ էության կիսել էր ավագանու մեկ այլ անդամ Լիլիթ Կիրակոսյանը, ով ևս միացել էր մեկնաբանություններին, գրելով՝ «Երբ սկսենք»:
Նշենք, որ ավագանու անդամի հիշյալ գրառումը ակտիվորեն քննարկվում է ֆեյսբուք սոցիալական ցանցում, հնչում են քննադատություններ: Թերևս սա է պատճառը, որ Նուարդ Վարդանյանը հեռացրել է գրառումը:
Հավելենք, որ Նուարդ Վարդանյանի քույրը ՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է:
Հիշեցնենք, որ որ 2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը:
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ:
Irakanum.am