00:00:00

«ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը ԺԷԿ-ի պետեր չեն, որոնց կարելի է հանել ու այդ պաշտոնը մի շաբաթ էլ ազատ պահել»

01:23, 19 սեպտեմբեր 2019 Հասարակություն

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի հրաժարականներից հետո մեկնարկելու է պաշտո­նանկությունների շքերթ․ այս մաով շրջանառվում է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անունը, թեև նա հերքել է իր հրաժարականի մասին տեղեկությունները։ Հիշեցնենք՝ ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրինագծերի փաթեթը՝ Ազգային անվտանգության ծառայության պետի ու ոստիկանապետի պաշտոնները քաղաքական պաշտոն համարելու մասին։ Օրինագծին 111 պատգամավոր կողմ քվեարկեց, ձեռնպահ էր մեկը։ Փաթեթը ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, որով առաջարկում էր ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ կառույցների ղեկավարների պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ցանկացած ՀՀ քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է մեր երկրում: Վերոնշյալ թեմայի մասին irakanum.am-ը զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Հարցին՝ նմանատիպ պրակտիկան զարգացած երկրներում ընդունվա՞ծ է, քաղտեխնոլոգը պատասխանեց․ «Ո՛չ, ընդունված չէ, որովհետև այսպիսի կառավարման համակարգում ոստիկանությունը սովորաբար լինում է ներքին գործերի նախարարություն, այսինքն՝ նախարար է նշանակվում, որը քաղաքական պաշտոնյա է և նշանակվում է վարչապետի կամ նախագահի կողմի՝ նայած, թե կառավարման ինչ համակարգ է։ Ներքին գործերի նախարարը հաշվետու է տվյալ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի առջև՝ դա կլինի ԱԺ, պետդումա, ռադա․․․ Սա քաղաքական նորմալ պրակտիկա է։ Իսկ ի՞նչ է արվում Հայաստանում․ անցյալ տարի ասում էին ոստիկանությունը պետք է դառնա ՆԳՆ, «Իմ քայլ»-ի պատգամավորները դեմ էին դուրս գալիս դրան՝ ասելով՝ մի՛ քաղաքականացրեք այդ կառույցը, իսկ հիմա պարզվում է ՝ այդ կառույցի ղեկավարը կարող է լինել քաղաքական գործիչ և նա քաղաքականացնում է այդ կառույցը, բայց այստեղ մի կարևոր տարբերություն կա․ եթե ոստիկանությունը որպես կառույց՝ լիներ ՆԳՆ, այսինքն՝ ոստիկանապետը լիներ ներքին գործերի նախարար, ապա հաշվետու կլիներ ԱԺ-ին, իսկ հիմա նա լիելու է քաղաքական գոիծիչ, որը հաշվետու չէ ԱԺ-ին, հաշվետու է վարչապետին, ավելին՝ վերջինս նշանակվում ու ազատվում է վարչապետի հայեցողությամբ»։ Քաղտեխնոլոգը հիշեցրեց՝ գործող օրենքով ոստիկանության պետը վարչապետի միջնորդությամբ էր նշանակվում ու ազատվում, բայց նա պետք է լինի ոստիկանության աշխատակից։ «Իսկ այս նոր օրենքի կյանքի կոչվելուց հետո, փաստորեն, ինքը կարող է ցանկացած մեկին նշանակել ոստիկանապետ, որն իր քաղաքական թիմի անդամ է։ Դարձյալ ընդգծում եմ՝ խորհրդարանական կառավարման համակարգում ընդունված է լինում, որ այդ կառույցը լինի ներքին գործերի նախարարություն․ այդ դեպքում նախարարը նշանակվում և ազատվում է վարչապետի միջնորդությամբ և նախագահի ստորագրությամբ։ Այս նոր օրենքի պայմաններում ոստիկանապետը կարող է ինչ-որ հաշվետվություն ներկայացնել ԱԺ-ում, բայց, այնուամենայնիվ, այս կառույցն էլի մնում է վարչապետին ենթակա կառույց։ Իսկ եթե լիներ նախարարություն, այն ենթակա կլիներ ոչ թե վարչապետին, այլ Կառավարության կազմի մեջ մտնող կառույց կլիներ․ այդտեղ կառուցվածքային տարբերություններ կան»։ Քաղտեխնոլոգը նշեց՝ վարչապետը սովոր է, որ բոլորը պետք է իրեն ենթարկվեն, բոլորը պիտի իրականացնեն իր ցանկությունները։ «Վարչապետի մեջ ավտորիտար կառավարման այդ գիծը երևում է, դրա համար են այսօր խուճուճ օրենք գրում, որպեսզի բավարարեն վարչապետի պահանջը, այսինքն՝ ուժային կառույցների կառուցվածքային նոր ձևը համակատասխանում է ոչ թե պետության զարգացման կամ անօրինականության դեմ պայքարին, այլ ընդամենը վարչապետի ցանկությանը», - նշեց քաղտեխնոլոգը։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ ակնհայտ է՝ այժմ վարչապետը նպատակ ունի ուժային կառույցները ենթարկել իրեն միայն վարչական ձևով, այլև քաղաքականպես։ «Այսինքն՝ վարչապետը ցանկանում է նշանակել այնպիսի մեկին, որը նաև քաղաքականապես իրեն կենթարկվի և պարտական կլինի իրեն այդ պաշտոնում նշանակվելու համար, իսկ Օսիպյանը ոստիկանության համակարգում վարձրագույն պաշտոնի էր հասել իր տարիների աշխատանքով, և վարչապետն այդ հարցում որևէ դերակատարություն չուներ, միայն նշանակման հարցում էր նա դերակատարում ունեցել․ այստեղ երանգային տարբերություն կա։ Պարկերացրե՛ք՝ 27 տարեկան մեկը, որն իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց համապատասխանում է այս օրենքի պայմաններին, կարող է նշանակվել ոստիկանապետ․ այդ դեպքում նա միանգամից հոգեբանորեն մեծ կախում է ունենալու վարչապետից ու բավականաչափ ենթարկվելու է վարչապետին», - նշեց քաղտեխնոլոգը։ Նա նշեց՝ պատերազմական, կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար նորմալ չէ, որ ԱԱԾ տնօրեnին ու ոստիկանապետին ազատեն գրեթե միաժամանակ։ «ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը ԺԷԿ-ի պետեր չեն, որոնց կարելի է հանել ու այդ պաշտոնը մի շաբաթ էլ ազատ պահել՝ մտածելով, որ դրանից ոչ ոք չի տուժի բացի տվյալ շենքի բնակիչներից կամ կարող է նրանք էլ չտուժեն։ ԱԱԾ-ի ու ոստիկանության դեպքում ուղղակի անվտանգությունից ելնելով՝ չի կարելի այդպես անել․ ասվածից չի կարելի ենթադրել, որ այս մի քանի օրվա ընթացքում ինչ-որ բան է լինելու, պարզապես պետք է հասկանալ՝ այդպես չի կարելի վարվել», - եզրափակեց քաղտեխնոլոգը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր