Այսօր Վանաձորում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ինչպես ասվել էր նախընտրական խոստման ժամանակ, Թեղուտի հանքավայրը բացվել է, և մարդիկ աշխատատեղեր ունեն:
Նա հայտնեց՝ Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձն ավելացել է 20 տոկոսով, օտարված տարածքներ են վերադարձվել համայնքներին:
Փաշինյանը նշեց՝ 6500 քմ տարածք վերադարձվել է, քրեական գործեր կան հարուցված մանկապարտեզների սեփականաշնորհումների դեպքերի հետ կապված, և էլի տարածքներ կվերադարձվեն:
ՀՀ առողջապահության ոլորտում, ըստ Փաշինյանի, ստվերը կրճատվել է, պետական և մասնավոր բուժհաստատությունների հայտարարագրած շրջանառության ծավալն աճել է 13.7 մլրդ դրամով կամ 14 տոկոսով, միջին աշխատավարձն աճել է 30 000 դրամով:
400 անուն դեղ հուլիսի 1-ից անվճար տրամադրվում է մի շարք նպաստառուների, 200 հազար շահառու կօգտվի այս արտոնությունից: Վարչապետը տեղեկացրեց՝ մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային օգնությունն ու բուժսպասարկումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, զինծառայողների ծնողները, սրտի խնդիր ունենալու դեպքում, կվիրահատվեն պետբյուջեի միջոցներով, նույնը վերաբերում է մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: Կառավարության ղեկավարը նաև հայտնեց՝ սրտի ստենտավորման շուկայական գներն իջնում են: