00:00:00

ՊԵԿ-ը սկսել է ընդառաջ գնալ նաեւ տնտեսավարողներին

16:04, 14 սեպտեմբեր 2019

Hraparak.am-ը գրում է. հեղափոխությունից հետո յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել ՊԵԿ-տնտեսվարողներ հարաբերություններում։ Մի կողմից հարկայինը սկսել է հաճախակի, իսկ երբեմն էլ՝ տեղի-անտեղի, «գլխին սարքելու» մեթոդով տուգանել տնտեսվարողներին, մյուս կողմից էլ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը սկսել է այդ նույն տուգանքները նույն փութաջանությամբ «ջրել»։ Եվ սա ոգեւորել է տնտեսվարողներին, հատկապես նրանց, որոնք կարծում են, որ իրենց անհիմն ու անարդարացի են տուգանել։ Նմանատիպ իրավիճակում է վերջերս հայտնվել, օրինակ, ջրերի արտադրությամբ զբաղվող «Ակվա Արմենիա»-ի հիմնադիր Դավիթ Ներսիսյանը։ Հարկայինը մտել է նրա գործարան ու մեկ շաբաթից ավելի ստուգումներ իրականացրել, որպեսզի մի խախտում հայտնաբերի եւ տուգանի։ Տեսնելով, որ ընկերությունում ամեն ինչ մաքուր է, խախտում չկա, բայց իրենց, միեւնույն է, պետք է, որ խախտում հայտնաբերեն, ՊԵԿ աշխատակիցները դիմել են անազնիվ մեթոդների։ Նրանք խոսեցրել են աշխատակիցներից մի երիտասարդ աղջկա ու նրան թելադրել, որ գրի այնպիսի բաներ, որով հիմք ունենան տուգանել ընկերությանը։ Եվ նրանք հասել են իրենց ուզածին, համոզելով, թե ինչ ճանապարհով՝ գրել են տվել այնպիսի բաներ, որի արդյունքում ընկերությունում հանկարծ «հայտնաբերել» են չգրանցված աշխատող եւ «Ակվա գրուպ» ՍՊԸ-ին տուգանել են 300 հազար դրամով։ «Օրինակ՝ աշխատակիցը գրել էր, թե ինքը մի լիտրանոց տարա է արտադրել, ու ակնհայտ երեւում էր, որ թելադրված է ամեն ինչ, քանի որ մենք մեկ լիտրանոց տարայի արտադրություն չունենք»,- մեզ պատմեց ընկերության հիմնադիր Դավիթ Ներսիսյանը։ Նա ՊԵԿ որոշումը բողոքարկել է գանգատարկման հանձնաժողովում եւ հաղթել։ Նիստը վարել է ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը։ Սկզբում քվեարկել են եւ մերժել գործարարի պահանջը, հետո, երբ Դավիթ Ներսիսյանը պնդել է իր փաստարկներն ու հավելյալ փաստարկներ ներկայացրել, նորից դրել են քվեարկության եւ չեղյալ համարել վարչական արձանագրությունը։ Ներսիսյանը, որը հույս չուներ, որ կհաղթեր՝ ելնելով նախկին ավանդույթներից, զարմացել է ՊԵԿ-ի այս վերաբերմունքից։ «Իրականում շատ բան է փոխվել ՊԵԿ-ում։ Բավականին հումանիստական ձեւերով են սկսել մոտենալ տնտեսվարողներին։ Ոչ թե ներողամիտ են դարձել, այլ էն, ինչը հասկանում են, որ ավելորդություն է եղել, չեն թողնում, որ էդ անարդարությունը տարածվի մեզ վրա»,- ասաց գործարարը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր