Ամռան ամիսներին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հաճախ էին կազմակերպում քննարկումներ մարզերում, տեղում ծանոթանալով մարզերի բնակիչներին հուզող խնդիրներին։ Բացի այդ ԼՀԿ-ականները միմյանց հետ էին քննարկումներ կազմակերպում՝ այս կամ այն հարցի շուրջ։ #bRightTalk հեշտեգով զրույցներն անցկացվում էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ նույն կուսակցության անդամ, Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի միջեւ։ Վերջիններս քննարկում էին ներքաղաքական հարցեր, խոսում՝ Երեւանի խնդիրներից։
Պարզվում է նույն տեխնոլոգիան, այս անգամ copy paste տարբերակով սկսել են կիրառել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է այդ քննարկման տեսանյութը։ Իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Սուրեն Գրիգորյանը միմյանց հետ հարցազրույց են անում՝ «Զրույց Ամուլսարի մասին» վերտառությամբ։ Արթուր Հովհաննիսյանը նախկինում հարցազրույցներ վարել է, (աշխատել է Առաջին լրատվականում, հետո՝ Սյունիքի նախկին մարզպետներից Վահե Հակոբյանի կնոջը պատկանող Para TV-ում), հիմա էլ փաստորեն իր ուսերին է վերցրել գործընկերներից հարցազրույց վերցնելու բեռը։
Այս թեմային չէինք անդրադառնա մեկ պարզ պատճառով, եթե իշխանական պատգամավորների մեծամասնությունը նույն ոգեւորությամբ եւ հանրային լայն հնչեղություն ունեցող թեմաների վերաբերյալ հարցերին չփուսափեին պատասխանել, ընդունելով տարբեր հեռուստաընկերությունների եւ էլեկտրոնային կայքերի հրավերները։ Իսկ այս դեպքում ստացվում է միակողմանի քննարկում, քանզի պատգամավորները միմյանց կուղղեն իրենց համար նախընտրելի հարցեր, պատասխաններն էլ կհարմարեցնեն իրենց, կմոնտաժեն տվյալ հաղորդումը այնքան, ինչքան պետք է, եւ արդյունքում կունենան իրենց համար հարմար եւ ականջահաճո տեսահոլովակ, տպավորություն ստեղծելով, թե տեսակետ են հայտնում։
Հ․Գ․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանին եւ Արթուր Հովհաննիսյանին հրավիրում ենք «Խոսքի արժեք» հաղորդմանը։
Irakanum.am