Իրենք ուզում են փակեն Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Խաչատուրովին, բոլորին, դրա համար մենք այսօր չպիտի նայենք, ես ոտքով կճխլեմ Նիկոլին էլ, Լևոնի զոմբիներին էլ, ոստիկաններին այսօր որպես քավության նոխազ են օգտագործում: Այս մասին Երևանի իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո:
Նկատենք, որ նիստի ավարտից հետո իրավիճակը դատարանի բակում լարված էր։
Քոչարյանի աջակիցներին, այդ թվում և Արամ Հարությունյանին ոստիկանությունը բերման ենթարկեց: Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունն էլ վատացավ, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։
Արամ Հարությունյանը նշեց, որ միջադեպ է եղել մի կնոջ հետ, քանի որ այդ կինը վիրավորել է իրեն՝ անվանել թուրք ու անիծելով իր երեխային: «Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի կռիվն է Ռոբերտ Քոչարյանի հետ: Այսօր մեջտեղ են եկել այն մարդիկ, ովքեր հող էին հանձնում: Իսկ այդ կինն ինձ ասել է թուրք, ես հարվածել եմ նրան՝ ՀՀՇ-ի ԲՏՌ-ներին՝ Նիկոլի և Լևոնի հենարաններին»,-լրագրողներին միջադեպն այսպես ներկայացրել Հարությունյանը, ում ոստիկաններն այդ ընթացքում տեղափոխում էին դեպի մեքենա:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ․ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը։ Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Արամ Վարդևանյանը, հղում անելով Սահմանադրական դատարանի ս․թ․ սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, ընդգծել էին, որ Ռ․ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը մինչ օրս այդպես էլ քննության չի առնվել։