Նախորդ հինգշաբթի՝ Կառավարության նիստից հետո, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ շոուբիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք խուսափում են հարկեր վճարելուց։
Դավիթ Անանյանը նշեց՝ շոուիզնեսի 3-5 ներկայացուցիչ արձագանքել է ՊԵԿ-ի կոչին և հայտարարագրել եկամուտները:
«Շոուբիզնեսի 9 հայտնի ներկայացուցչի էլ ուղարկվել է նամակ, որտեղ նշված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են և, երևի թե, եկամուտ են ստացել:
Բայց, մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա մենք ասում ենք, որ 2018 թվականին իրենք ո՛չ աշխատավարձ են ստացել, ո՛չ որևէ կազմակերպության աշխատակից են եղել, ո՛չ դիվիդենդ են ստացել, ո՛չ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատերեր: Այդ տեղեկատվական բազան մենք ունենք և այդ նամակով հորդորեցինք իրենց, որ գան ու հայտարարագրեն իրենց եկամուտները:
Քանի որ ոչ ոք հորդորներին չի արձագանքել, ես հայտարարում եմ, որ մենք նախնական հաշվարկ ենք ներկայացնելու և տալու ենք մեր հետաքննիչներին, իսկ նրանք կորոշեն քրեական, թե վարչական ինչպիսի պատասխանատվության են ենթարկելու նրանք»,-ասաց ՊԵԿ նախագահը։
Ընդգծենք, որ ՊԵԿ-ը դեռ պաշտոնապես չի հայտարարել, թե շոուբիզնեսի որ ներկայացուցիչների մասին է խոսքը, սական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ վերոնշյալ 9 արտիստների անունները արդեն իսկ հայտնի է։
Մասնավորապես, irakanum.am-ը պարզել էր՝ խոսքը Սոնա Շահգելդյանի, Իվետա Մուկուչյանի, Արման Հովհաննիսյանի, Ալբերտ Սիմոնյանի (Թաթա), Սիլվա Հակոբյանի, Լիլիթ Հովհաննիսյանի, Անդրեյ Հովնանյանի (Անդրե), Միհրան Ծառուկյանի եւ Արսեն Սաֆարյանի մասին է։
Մեր թղթակիցը փորձեց պարզել՝ օրենքն ի՞նչ պատիժ է նախատեսում հարկերից խուսափող՝ շոուբիզնեսի ներկայացուցիչների համար, այսինքն՝ նրանք քրեակա՞ն, թե՞ վարչական պատասխանատվության կենթարկվեն։
Փաստաբան Նորայր Նորիկյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ եթե որոշակի հարկային չափերը գերազանցեն քրեական օրենսգրքով սահմանված դրույքաչափերը, բնականաբար, անձը կենթարկվի քրեական պատասխանատվության։
Փաստաբանը հիշեցրեց՝ ՀՀ բոլոր քաղաքացիները հարկատու են, այդ թվում՝ շոուբիզնեսի ներկայացուցիչները․ երգիչները ևս պետք է բարեխղճորեն հարկեր վճարեն այնպես, ինչպես այլ աշխատանք կատարող մյուս քաղաքացիները։
Հարցին՝ շոուբիզնեսի ներկայացուցիչնեչն այս դեպքում վարչակա՞ն, թե՞ քրեական պատասխանատվության կենթարկվեն, փաստաբան Նորայր Նորիկյանը պատասխանեց․
«Եթե 2 մլն դրամը գերազանցող հարկային պարտավորություններ ունի տվյալ անձը, քեական օրենսգրքի 205 հոդվածը նախատեսում է, որ առանձնապես խոշոր չափերի հարկերից, տուրքերից խուսափելը ենթակա է քրեական պատասխանատվության։
Օրինակ՝ «Սպայկա»-ի տնօրենին ինչպե՞ս ձերբակալեցին․ ասացին, որ հարկային պարտավորություններ ունի։ Կա որոշակի գումարի չափ, և եթե հարկերից ու տուրքերից խուսափում են, ապա ենթարկվում են քրեական պատասխանտվության, իսկ եթե ասենք՝ ավելի քիչ գումարի մասին է խոսքը, օրինակ՝ անհատ ձեռներեցը 50 հազար դրամի հարկային պարտավորություն է ունեցել ու խուսափել է, ապա նա 150 հազար դրամ տուգանվում է․ բնական է՝ 50 հազար դրամի դեպքում մարդուն քրեական պատասխանատվության չեն ենթարկում», - եզրափակեց փաստաբան Նորայր Նորիկյանը։
Հասմիկ Բալեյան