Կառավարությունն այսօր հաստատեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ասաց, որ նախագիծը մոտ մեկ տարի քննարկվել է այս խմբագրությամբ, այսինքն՝ բավական երկար քննարկված հարց է։ Նախագծի որոշ դրույթներ ավելի ուշ՝ մինչև 2024 թվականն են ուժի մեջ մտնելու։
«Ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում։ Որոշակի ահմանափակումներ են նախատեսված նաև հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ այս օրենսդրական փոփոխությունները հանգեցնելու են բնակչության շրջանում զանգվածային մշակութային փոփոխության՝ հարգելու միմյանց առողջության իրավունքը և գնահատելու առողջությունը: Եվ հիմա է հենց այդ ժամանակը, ուշացած է, բայց ավելի ուշացնել այևս չենք կարող, թե մենք ինչպիսի երկիր ենք ուզում թողնել մեր երեխաներին՝ առողջ և զարգացա՞ծ, թե հիվանդ ու դժվարություններ ունեցող»,- ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ ուզում է կոչ անել հանրային սննդի հաստատություններին՝ կամավոր կերպով որդեգրել առանց ծխի տարածքների քաղաքականությունն իրենց ռեստորաններում։ «Մենք հենց հիմա ունենք նման ռեստորաններ, որոնք եկամուտների առումով ոչ մի խնդիր չունեն, հակառակը, իրենք երբեմն նստելու տեղ չեն ունենում»,- ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խնդիրն այն է, որ որոշակի ժամանակ պետք է տալ բիզնեսին, ինչը օրենքի նախագծով սահմանվում է։ Նա նշեց, որ այս կառավարությունը ծխողների ամենաքիչ թիվ ունեցող կառավարությունն է։
«Կառավարության անդամների 80 տոկոսը չեն ծխում։ Եվ շատ հաճելի էր արձանագրել, որ մարզպետների 100 տոկոսը չի ծխում, իրավապահ բլոկում չգիտենք ինչ վիճակ է։ Ոստիկանության պետը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն է ծխում։ Կարծում եմ՝ սա էլ կարևոր ցուցանիշ է, և ով, եթե ոչ մեր կառավարությունը նման որոշում պետք է ընդունի։ Իմիջիայլոց արձանագրենք, որ մեծամասնությունը ծխող են եղել։ Ես ինքս ծխել եմ երկար տարիներ և ի վերջո թողել եմ ծխելը»,- ասաց Փաշինյանը։