00:00:00

Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է նրա մասնակցությամբ ֆիլմից

17:50, 29 մարտ 2018 Մշակույթ

Ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը ներկայանում է բոլորովին նոր շնչով: Լեգենդար երգիչ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է համանուն ֆիլմից: Լեգենդ Շառլ Ազնավուրի աներևակայելի տաղանդն իր արտացոլումն է գտել ոչ միայն երգարվեստում, այլև կինոյում: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ» և այլն: Բալզակյան «Հայր Գորիո»-ի՝ 2004 թվականի էկրանավորումն Ազնավուրի բազմակողմանի տաղանդի վառ արտացոլումներից է: Ազնավուրի Գորիոն առաջին իսկ վայրկյաններից գրավում է կինոդիտողին, յուրատեսակ կապվածություն, կարեկցանք առաջացնում: Նվիրված հայր՝ զրկված զավակների ջերմ սիրուց, երեխայի երջանկությունն առաջնայինը դասող ծնող: Էլ ո՞վ, եթե ոչ Ազնավուրը՝ մեծանուն հայը, կկարողանար նման դեր կերտել: Եվ ահա «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած «Հայր Գորիո» նոր գրքի շապիկին Ազնավուրի Հայր Գորիոն է՝ իր ողջ հմայքով: «Ազնավուրի արտիստական տաղանդը և փայլուն խաղը յուրահատուկ գույն է տվել  Ժան-Դանիել Վերխակի «Հայր Գորիո» ֆիլմին, որը ժամանակի ինքնատիպ կինոնկարներից է: Մենք չափազանց ուրախ և հպարտ ենք, որ Շառլ Ազնավուրն իր համաձայնությունն է տվել ֆիլմից այս կադրն որպես գրքի շապիկ օգտագործելու համար»,- նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: «Հայր Գորիո» վեպի մասին Բալզակն ասում է. «Լավ իմացեք՝ այս դրաման ո՛չ հնարանք է, ո՛չ վեպ: Ամբողջը ճշմարտություն է, այն աստիճանի ճշմարտություն, որ յուրաքանչյուրը սրա սաղմերը կգտնի իրենում, հնարավոր է՝ իր սրտում»: Այս իմաստով «Հայր Գորիո»-ն հանդիսանում է իր ժամանակի հայելին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր