Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերթական անգամ անդևադարձել է Ամուլսարի խնդրին՝ հանդես գալով բավական ուշագրավ հայտարարությամբ:
«Կառավարությունը, նաև մենք՝ պատգամավորներս, պետք է վստահեցնենք ջերմուկցիներին, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, և այս ամիսների ընթացքում իրականացված քննարկումների արդյունքում, մասնավորապես՝ մեր բնապահպանների կատարած աշխատանքի շնորհիվ, նշաձողը շատ բարձրացված է, և այդ նշաձողի մի թեթև իսկ շեղման դեպքում մենք հնարավորություն կունենանք կասեցնել հանքի շահագործումը։ Եթե ջերմուկցիներին կամ հասարակության լայն շրջանակներին մեր բացատրությունները լինեն անընդունելի, ապա կա շատ հասարակ լուծում՝ կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ և անցկացնել հանրաքվե իշխանությունների նկատմամբ վստահության կամ անվստահության, և, ըստ այդմ, անել հաջորդ քայլերը»,-մասնավորապես՝ հայտարարել է Աղազայանը՝ հավելելով, որ եթե հանրաքվեի արդյունքում պարզվի, որ հանրության մեծ մասը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն նոր արտահերթ ընտրություններ:
Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեւավորումից, եւ հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պարբերաբար հնչում են տեսակետներ, որ յոթերորդ գումարման ԱԺ-ը բնավ էլ հինգ տարվա «կյանք» չունի հայտնի է շատերին։ Հիմա ըստ էության արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր անցկացման մասին է հայտարարում իշխանական պատգամավորը։ Իհարկե չի բացառվում, որ պատգամավորն արտահայտած լինի իր անձնական տեսակետը եւ ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի», սակայն նկատի ունենալով մամուլի այն հրապարակումները, համաձայն, որի Նիկոլ Փաշինյանը կուսակցության եւ խմբակցության նիստերում «սպառնացել» է «ցրել» այս խորհրդարանը փաստում են, որ Աղազարյանին այդ «մեսիջները» տեղ են հասել։ Բացի այդ գաղտնիք չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունը միատարր չէ, նրանում ներկայացված անձինք ունեն տարբեր գաղափարներ եւ մոտեցումներ տարբեր հարցերի շուրջ։
Կոնկրետ Ամուլսարի հարցում իշխանությունը սարի պես ամուր չէ, հետեաբար չի բացառվում, որ նրանք գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
Իշխանությունը հայտնվել է երկու քարի արանքում, սիրաշահել օտարերկրյա ներդրողներին, թե՞ «մահակներով ծեծել» ՀՀ հպարտ քաղաքացիներին։ Ո՞րն է լինելու «Իմ քայլի» քայլը։ Ժամանակ ձգելով խնդիրները լուծում չեն ստանա։
Irakanum.am