00:00:00

Էրդողան. «Եթե մինչև սեպտեմբերի վերջ անվտանգության գոտին չձևավորվի, մենք մեր ճանապարհով կգնանք»

03:26, 10 սեպտեմբեր 2019 Հասարակություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք անվտանգության գոտու ձևավորման հարցում ԱՄՆ-ի համար վերջնաժամկետ է սահմանել մինչև սեպտեմբերի վերջը: Նշենք, որ Թուրքիան և ԱՄՆ-ն անվտանգության գոտու ստեղծման աշխատանքները համակարգող համատեղ կենտրոն են ստեղծել: Ըստ Էրդողանի, եթե մինչև սեպտեմբերի վերջ Եփրատի արևելքում թուրք զինվորների մասնակցությամբ գործնականում անվտանգության գոտի չձևավորվի, ապա Թուրքիային այլ տարբերակ չի մնա, քան սեփական ճանապարհով գնալը: Էրդողանն ընդգծել է, որ անվտանգության գոտու ձևավորման հարցը 3-5 անգամ ուղղաթիռների թռիչքներով, կամ 5-10 զրահամեքենայով պարեկություն իրականացնելը չէ, այլ տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը, ամբողջ տարածքը պետք է անվտանգ դարձնել: Էրդողանը տեղեկացրել է, որ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքներն անվտանգության գոտու ստեղծման շուրջ շարունակվում են: Թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում ամեն անգամ համոզվում են, որ անվտանգության գոտու մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի պատկերացումները տարբեր են: «Մինչ մենք նպատակ ենք հետապնդում տարածաշրջանում տեղավորված ահաբեկչական կազմակերպությունն ամբողջապես ոչնչացնելու, նրանք (ԱՄՆ) հաշվարկում են, թե ինչպես ահաբեկչական կազմակերպության միջոցով մեզ կառավարեն: Ստացվում է, որ մեր դաշնակիցը նպատակ ունի ոչ թե մեզ համար, այլ ահաբեկչական կազմակերպության համար է անվտանգության գոտի ստեղծել», -նշել է Էրդողանը: Անդրադառնալով անվտանգության գոտու թուրքական ընկալմանը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ տարածքը պետք է մաքրվի «PKK-ի զինյալներից և նրա թևը համարվող ուժերից» (Էրդողանը նկատի ունի Սիրիայի քրդական ուժերին) և այդ տարածքում պետք է վերաբնակեցվեն Եվրոպա և այլ վայրեր գաղթած սիրիացի փախստականները: Էրդողանը փախստականների խնդրի մասին խոսելիս անուղղակիորեն սպառնացել է նաև Եվրոպային. «Եթե այս պայքարում մեզ անհրաժեշտ աջակցությունը չցուցաբերվի, ապա Թուրքիայում գտնվող 3 մլն 650 հազ սիրիացիների, ինչպես նաև Իդլիբից 2 մլն մարդու հնարավոր ներհոսքը չենք կարողանալու կասեցնել»:
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր