Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ:
Ինչպես միշտ, այս անգամ եւս պայքարը եղել է բավականին ակտիվ, ընտրությունները կայացել են ժողովրդավարական երկրին բնորոշ ազատ, թափանցիկ եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ինչի մասին փաստել են նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր կազմակերպություններ:
Շնորհավորում եմ ընտրություններում հաջողության հասած թեկնածուներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Տեղական ինքնակառավարման մարմինները կառավարման այն սկզբնական օղակն են, որի արդյունավետությունից է մեծապես կախված պետական ողջ համակարգի գործունեությունը: Համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք ձեր համայնքների եւ Արցախ աշխարհի զարգացման ու զորացման համար:
Ուզում եմ նաեւ ընտրություններին մասնակցած բոլոր թեկնածուներին ցանկանալ հաջողություններ իրենց հետագա գործունեության մեջ:
Այս ընտրությունները դարձան եւս մեկ կարեւոր քայլ մեր պետականաշինության զարգացման գործում, մեր ժողովրդի կողմից ազատ, անկախ եւ ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին»: