Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ էր արել ապաշրջափակել դեպի Ամուլսար տանող ճանապարհները։
Այս կապակցությամբ «Ա1+»-ը զրուցեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ։
«Մենք մեր դիրքորոշման կապակցությամբ հայտարարություն կտարածենք։ Մինչև այդ էլ հայտնել ենք, որ ջերմուկցիների կողքին ենք՝ Ամուլսարը չշահագործելու հարցում պայքարի մեթոդների ցանկացած որոշում ընդունելու դեպքում»,- մեզ հետ զրույցում նշեց Սահակյանը։
ՔՈ քարտուղարն ասաց, որ կուսակցությունն այնտեղ պաշտոնական ներկայացուցիչ չունի, սակայն իր տեղեկություններով՝ ջերմուկցիները երեկոյան հավաքվելու են ու որոշում կայացնեն այդ հարցով, իսկ դեպի հանք տանող ճանապարհները փակ են։ Ջերմուկ գնալու մասով քաղաքական գործիչն ընդգծեց, որ ցանկացած դեպքում, երբ որ հանքի ճանապարհները բացելու փորձեր կատարվեն, և ջերմուկցիները թույլ չտան, իրենց կողքին կլինեն։
Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանն էլ այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Ամուլսարի մուտքերը կբացվի երկու դեպքում․ «Կա՛մ կառավարությունը կլեգիտիմացնի հայ ժողովրդի մեկ տարի առաջ կայացրած անբեկանելի որոշումը, կամ էլ սեռժիկների մեթոդին պիտի դիմեն, որին ուզում եմ դեռ չհավատալ։ Բայց եթե դիմեն այդ արատավոր մեթոդին, ողջ հայության մեջ կսպանեն ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ վարկանիշը»։
Այնուհետև հայտարարություն էր տարածել, որ այսօր ժամը 20։30 Ջերմուկ առողջարանային քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում տեղի կունենա բաց քննարկում։ Քննարկումը կվերաբերի Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյբուքյան ուղիղ եթերով ճանապարհները ապաշրջափակելու կոչին։
«Քննարկումից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ։ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է և ՎԵՐՋ»,- եզրափակել էր նա։