00:00:00

ԵՄ-ԵԱՏՄ փոխհարաբերություններում քաղաքական գործոնները գերիշխող են տնտեսականների նկատմամբ. Սասուն Բաղինյան

15:06, 09 սեպտեմբեր 2019

Սասուն Բաղինյանը ֆեսյբուքի իր էջում գրում է. «Եվրասիական ու եվրոպական տարածաշրջաններում ընթացող ինտեգրացիոն գործընթացները ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում մեծ դերակատարում ունեն։ Այդ գործընթացներն ազդում են ինչպես անմիջապես տվյալ տարածքների երկրների քաղաքական ու տնտեսական մթնոլորտի վրա, այնպես էլ երրորդ երկրների վրա։ Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ առկա են լուրջ տարաձայնություններ, որոնք էլ արդյունավետ փոխգործակցության ճանապարհին լուրջ խոչընդոտ են հանդիսանում: Ներկայիս աշխարհում դիտվող ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ունի օբյեկտիվ պատճառներ։ Նախեւառաջ դրան նպաստել է երկբեւեռ համակարգի վերացումը։ Համաշխարհային առեւտրային կապերի ազատականացումը եւ սպառման այլընտրանքային շուկաների առկայությունը եւս զգալիորեն նպաստում են միջտարածաշրջանային կապերի զարգացմանը։ Ստացվում է, որ տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդումը պայմանավորված է թե քաղաքական եւ թե տնտեսական գործոններով։ Ընդ որում տնտեսական գործոնն ավելի որոշիչ է։ Ավելին, տնտեսական շահերը շատ դեպքերում նպաստում են քաղաքական կոնֆլիկտների հարթեցմանը։ Օրինակ տնտեսական գործոնն օգնեց հարթել Գերմանիայի քաղաքական խնդիրները Եվրամիությունում։ Նույնն էլ Եվրասիական տնտեսական գոտուն է վերաբերվում։ ԵԱՏՄ-ի շնորհիվ ետխորհրդային մի շարք երկրների միջեւ առկա քաղաքական խնդիրները հնարավոր է դառնում զգալի չափով լուծել։ Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջեւ հարաբերություններն անհարթ են ընթանում։ ԵԱՏՄ երկրների համար Եվրամիությունը հանդիսանում է առաջնային առեւտրային գործընկեր։ Առեւտրային շրջանառության ծավալը կազմում է 148 մլրդ դոլար։ Եվրոպական միության համար եվրասիական տնտեսական միությունը հանդիսանում է երրորդ խոշոր առեւտրային գործընկերը։ Ռուսաստանի Դաշնությունն ու Ղազախստանն ակտիվ ներդրումներ են կատարում Եվրամիության երկրներում։ Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ երկրները դրական են վերաբերում Եվրամիությանը։ Այնուամենայնիվ կան որոշ խնդիրներ, որոնք խանգարում են կողմերին ունենալ լայն փոխըմռնում։ Անդրադառնամ այդ խնդիրներին։ Նախեւառաջ դրանք ինստիտուցիոնալ բնույթի են։ Խոսքն առաջին հերթին գնում է տարածաշրջանային խնդիրներին վերաբերող որոշումների ընդունման ընթացակարգերին։ ԵԱՏՄ-ում որոշումներն ընդունվում են միության հիմնական ինստիտուտների՝ եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի, եվրասիական միջկառավարական խորհրդի եւ եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի միջեւ փոխհամաձայնության արդյունքում։ Եվրամիությունում էլ երրորդ երկրների եւ տարածաշրջանային միությունների հետ համագործակցությանը վերաբերվող որոշումների ընդունումը տեղի է ունենում Եվրախորհրդի եւ Եվրոպական միության խորհրդի միաձայն լինելու դեպքում։ Եվրամիության անդամ 28 երկրներից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք, ինչը նույնպես խոչընդոտում է որոշումների ընդունմանը։ Անդամ երկրներից որոշները բավարար չափով հետաքրքրվածություն չունեն ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության համար, որոշներն էլ ընդհանրապես թերահավատորեն են նայում եվրասիական ինտեգրացիոն գործընթացին՝ համարելով վերջինս խորհրդային միության վերստեղծման փորձ։ Եվրոպացիները գտնում են, որ եվրասիական միությունը զարգանում է հիմնականում Ռուսաստանի օգնության հիման վրա։ Այդ իսկ պատճառով էլ նրանք նախընտրում են առանցքային հարցերի շուրջ բանակցել ոչ թե ԵԱՏՄ-ի, այլ անմիջապես Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ։ Հենց այդ հանգամանքով էր պայմանավորված այն, որ 2015 թվականի աշնանը եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժ. Յունկերը տարածաշրջանային միությունների հետ համագործակցելու մասին նամակը հղել էր ոչ թե ԵԱՏՄ ինստիտուտներից մեկին, այլ անմիջապես Վ. Պուտինին։ Խոչընդոտ հանդիսացող խնդիրների մյուս խումբը քաղաքական բնույթի են։ Դրանցից են Եվրամիության անդամ երկրների եւ Ռուսաստանի դիրքորոշումների հակասությունները ինչպես անմիջապես տարածաշրջանում (Հարավային Օսիա, Աբխազիա, Ուկրաինա) այնպես էլ տարածաշրջանից դուրս օրինակ Սիրիա։ Թվում է թե տնտեսական փոխգործակցությունը կարող է լուծել միության անդամ երկրների միջեւ առկա քաղաքական խնդիրները, բայց դա այդպես չէ։ Ավելին, քաղաքական խորը հակասությունները հանգեցրել են տնտեսական պատժամիջոցների, որոնք ծայրահեղ բացասական ազդեցություն են թողնում երկու կողմերի վրա։ ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների վրա բացասաբար են անդրադառնում նաեւ էլիտաների ազդեցությունը։ Որպես կանոն, այդ խմբերն առաջնորդվում են մեծամասամբ անձնական շահով։ Դա էլ վնասում է տարածաշրջանային միությունների փոխգործակցությանը։ Հաջորդ խանգարող գործոնը աշխարհաքաղաքական է։ Եվրամիությունը նախընտրում է սերտ հարաբերություններ Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի երկրների հետ։ Կա նաեւ արտաքին գործոնի ազդեցությունը։ ԱՄՆ-ն եւ Չինաստանը ակտիվ ներգործություն ունեն Եվրամիության վրա։ Միացյալ նահանգները պաշտպանում են իրենց շահերը ԵՄ-ում։ Նույնն է կատարում նաեւ Չինաստանը, ինչպես ԵՄ-ի այնպես էլ ետխորհրդային երկրների տարածքում՝ հարթելով նոր մետաքսե ճանապարհը։ Փաստորեն ԵՄ-ԵԱՏՄ փոխգործակցությունը դեռեւս պարտվում է աշխարհաքաղաքական մրցակցության առումով այլ միություններին։ ԵՄ-ԵԱՏՄ փոխգործակցությունը բարդացնող մյուս գործոնների խումբը կոնցեպտուալ բնույթի են։ Օրինակ, չնայած նրան, որ առաջին կոնցեպտուալ գաղափարը այն է, «համընդհանուր եվրոպական տուն» պաշտպանվում էր թե Խորհրդային միության ղեկավարի (Մ. Գորբաչով) թե Արեւմտաեվրոպական լիդերներից Ֆ. Միտերանի կողմից, սակայն վերջնական լուծում այդպես էլ չստացավ։ Եվ այսպես, ինչպես տեսնում ենք, ԵՄ-ԵԱՏՄ փոխհարաբերություններում քաղաքական գործոնները գերիշխող են տնտեսականների նկատմամբ։ Եթե հաջողվի հաղթահարել վերնշված բոլոր տարաձայնությունները, ապա երկու տարածաշրջանային միավորներն էլ կշահեն։ Դա հնարավորություն կտա ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին ակտիվ պաշտպանել իրենց դիքերը 21-րդ դարի համաշխարհային տնտեսության մեջ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր