00:00:00

Սեպտեմբերի 16-ին կայանալիք համերգի ընթացքում «Գաթա» բենդը կներկայացնի Գարեգին Առաքելյանի պատրաստած նոր երաժշտական գործիքը

03:31, 07 սեպտեմբեր 2019 Հասարակություն

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20-ին, «Գաթա» բենդն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով։
 
Հիշեցնենք՝ «Գաթա» բենդը ստեղծվել է 2013-ին՝ Գարեգին Առաքելյանի և Անդրանիկ սարկավագ Մանուկյանի նախաձեռնությամբ:
 
Irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում Անդրանիկ սարկավագ Մանուկյանը նշեց՝ խմբի անդամները վաղուց են ցանկացել համերգային ծրագրով հանդես գալ, սակայն որոշակի խնդիրների առկայության պատճառով համերգը չէր կայանում։
 
«Այս անգամ եկավ մի հետաքրքիր մարդ ու որոշեց, որ պետք է համերգ կազմակերպի, որպեսզի «Գաթա» բենդը հանրությանը ներկայացնի իր աշխատանքները։ Խոսքը «Արս բենեֆիս» արտիստական, պրոդյուսերական կենտրոնի մենեջեր Գեղամ Մելիքսեթյանի մասին է։ Մենք նրան ներկայացրինք մեր ասելիքը, ներկայացրինք, թե ինչն է մեզ համար կարևոր, և նա համաձայնեց բոլոր պայմաններին ու որոշեց, որ համերգն անպայման պիտի կայանա։
 
Կարելի է ասել՝ համերգին պատրաստվելը բավական հապճեպ ստացվեց։  Խոսելով  առաջիկայում կայանալիք մեր համերգի մասին՝ նշեմ, որ Գեղամ Մելիքսեթյանի նպատակը ոչ միայն այս մի համերգով բավարարվելն է, այլև նա առաջին հերթին ուզում է, որ մենք Հայաստանի բոլոր տարածաշրջաններում ելույթ ունենանք, ապա՝ Հայաստանից դուրս», - նշեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
 
Խոսելով խմբի անդամների և համերգի ընթացքում ներկայացվելիք երգացանկի մասին՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը նշեց․ «Մեր խմբում հիմնականում չորս հոգի ենք՝ Գարեգին Առաքելյանը, որը մեր գլուխգործոցն է․ գործիքային աշխատանքների, մեղեդային գույների ներդաշնակության, կազմակերպչական աշխատանքների համար նրան ենք պարտական, Վահան Զաքարյանը փողային նվագարաններին է ամբողջությամբ տիրապետում, Արթուր Բալթյանը՝ հարվածային գործիքներին, իսկ ես հանդես եմ գալիս որպես սոլիստ։
 
Չեմ ուզում մեզ գովաբանել, բայց պետք է նշեմ՝ սեպտեմբերի 16-ին հանդես ենք գալու համերգային եզակի ծրագրով․ Գարեգին Առաքելյանը երաժշտական նոր գործիք է պատրաստել․ այն լարային գործիք է։ Համերգի բացումն անելու ենք հենց այդ գործիքով․ այն երգը, որը պետք է հնչի տվյալ գործիքի նվագակցությամբ, իմ հեղինակած երգերից է, որը վաղուց եմ գրել։
 
Համերգի ընթացքում կհնչեն աշուղական երգեր, իմ հեղինակային երգերը, Կոմիտասի ստեղծագործությունները, հայրենասիրական երգեր, օրորոցային երգեր, թագվորագովքեր․․․ մի խոսքով՝ տարբեր ոճի ու ժանրերի երգեր։
 
Մենք ջանում ենք քարոզել մեր ազգային մաքրամաքուր ստեղծագործությունները։ Ունենք շատ յուրահատուկ աշխատանքներ, որոնք կուզենանք ձայնագրել, ներկայացնել հանրությանը, պարզապես մեզ մի փոքր հնարավորություն, ազատություն է պետք։
 
Հիմա չեմ ուզում ասել՝ խնդրում եմ, աղաչում եմ, պաղատում եմ, և այլն, բայց աշխարհի շարժիչ ուժերից մեկն, ինչպես ասում են, փողն է։ Մենք մեր խմբով հաստատ փողի գերի չենք, պարզապես կարիք ունենք մեր հոգսերը հոգալու համար։
 
Աստծո տված շնորհները տրվում են ամեն մեկին։ Մեզ մոտ էլ դա յուրովի է, ուստի կուզենանք այնքան հնարավորություններ ունենալ, որպեսզի կարողանանք այդ շնորհները հասցնել նպատակին, ներկայացնել հանրության դատին», - նշեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
 
Խոսելով հյուրախաղերի մասին՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը նշեց՝ ապրիլին եղել են Գերմայիայում, իսկ առաջիկայում մեկնելու են Բանգլադեշ՝ մասնակցելու միջազգային փառատոնի։  Մինչ այդ՝ այս օրերին «Գաթա» բենդը պատրաստվում է սեպտեմբերի 16-ին կայանալիք համերգին։
 
«Գաթա» բենդի հիմնադիրներից Գարեգին Առաքելյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում պատմեց այն երաժշտական գործիքի մասին, որի նվաագակցության ներքո լինելու է համերգի բացումը։
 
«Այդ երաժշտական գործիքը մի քիչ ոչ ստանդարտ լուծումներով է, շատ հետաքրքիր հնչողություն ունի։ Ես այն պատրաստել եմ դեն նետված գործիքներից։ Այդ երաժշտական գործիքի հիմքում թավջութակն է, որը մարդիկ ուզում էին դեն նետել։ Գործիքը ստեղծելու համար օգտագործել եմ նաև դեն նետված հարվածային գործքներ ու վերելակի դռները փակելու համար նախատեսված զսպանակներ։ Այդ երաժշտական գործիքը ծավալային առումով փռված է։ Թեև գործիքը դեռ նախորդ տարի եմ ստեղծել, սակայն այն դեռ անուն չունի, բայց, իհարկե, առաջիկայում կունենա», - նշեց Գարեգին Առաքելյանը։
 
Հարցին՝ իսկ չե՞ք մտածել դիմել համապատասխան կազմակերպություններին՝ տվյալ երաժշտական գործիքի հանրահռչակման և հեղինակային իրավունքի ձեռքբերման համար, Գարեգին Առաքելյանը պատասխանեց․ «Այդ երաժշտական գործիքն ունի տարբեր կոնցեպտներ։ Տարբեր ազգերի մոտ տարբեր վարիացիաերով այդ կոնցեպտն օգտագործվում է․ դրա հիմքում ընկած է լատինական մի փոքրիկ հարվածային գործիք։
 
Եթե ես այս գործիքը համարեի ազգային նվագարան, ապա, միանշանակ, այդ քայլին կգնայի, բայց քանի որ այն ազգային նվագարանների հետ որևէ կապ չունի, նոր ստեղծված բան է, դրա մասին չեմ մտածել։ Իսկ, ենթադրենք, եթե դուդուկի մասին լիներ խոսքը, ես, միանշանակ, մինչև հապարապելը ձեր նշած քայլերը կձեռնարկեի, քանի որ դուդուկը  մերն է։
 
Ես նոր գյուտ չեմ արել, պարզապես մի քանի գործիք միացրել եմ և ստացել նոր գործիք։ Ես, իսկապես, շատ կուզենայի, որ տարբեր ազգի երաժիշներ տարբեր գործիքներից մի նոր գործք, մի նոր մեղեդային գույն ստանային»։
 
Գարեգին Առաքելյանը նշեց՝ համերգի ընթացքում հնչելու են «Գաթա» բենդի սիրված երգերը։
 
«Ունենք նաև չհրապարակված աշխատանքներ, բայց որոշեցինք դրանք չներկայացնել համերգի ընթացքում, քանի որ առաջիկայում` հավանաբար մինչև դեկտեմբեր ամիսը, հանրության դատին ներկայացնելու ենք նոր ձայնասկավառակ, որում ներկայացված կլինեն նոր աշխատանքներ», - ընդգծեց Գարեգին Առաքելյանը։
 
Հարցին՝ իսկ համերգային ծրագրի ընթացքում այլ արտիստներ հանդես գալո՞ւ են, Գարեգին Առաքելյանը պատասխանեց․ «Ո՛չ։ Մենք որոշեցինք, որ համերգի կոնցեպտը պիտի լինի այնպիսին, որ չորս հոգով լինենք բեմում։ Միայն երեք համար կլինի, որոնց ընթացքում «Սասուն» ազգագրական երգի, պարի համույթը ազգային պարեր կներկայացնի»։
 
Գարեգին Առաքելյանի խոսքով՝ «Գաթա» բենդն աշխատում է ամեն օր՝ անկախ նրանից՝ տվյալ ժամանակահատվածում համերգային ծրագրեր նախատեսված են, թե ոչ։
 
«Սեպտեմբերի  16-ին կայանալիք համերգը հերթական միջոցառումն է, որի ընթացքում պիտի ներկայանանք, պարզապես այն լինելու է մի քիչ ավելի պատասխանատու, ավելի մասշտաբային։ Այն, այսպես ասած, հաշվետու համերգ է լինելու։ Իսկ մենք շարունակելու ենք մեր աշխատանքները, քանի որ, իսկապես, դեռ շատ անելիքներ ունենք։ Բազմաթիվ ստեղծագործություններ կան, որոնք առաջիկայում ներկայացնելու ենք հանդիսատեսի դատին», - եզրափակեց Գարեգին Առաքելյանը։ Հասմիկ Բալեյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր