Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իտալական «Ռոմա» տեղափոխվելու որոշում ընդունելու մասին: Հայ կիսապաշտպանն անդրադարձել է նաև Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Իտալիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հետ սպասվող հանդիպումներին:
«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ռոմա» ակումբին: Խոսելով ակումբի ղեկավարության հետ՝ հասկացա, որ ակումբի առջև շատ մեծ նպատակներ են դրված: Ակումբը ցանկանում է մրցաշրջանն ավարտել Չեմպիոնների լիգայի գոտում, իսկ ընթացիկ մրցաշրջանում նվաճել Եվրոպայի լիգայի ու Իտալիայի գավաթը:
«Ռոման» նոր գլխավոր մարզիչ ունի: Ակումբ են տեղափոխվել մեծ թվով նոր ֆուտբոլիստներ: Սա ինձ համար հնարավորություն է, որպեսզի իմ ներդրումն ունենամ նոր թիմի ստեղծման գործում:
Տեղյակ եմ, որ Իտալիայի հետ խաղի բոլոր տոմսերը սպառված են: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք կլինեն խաղադաշտում: Հուսով եմ, որ կկարողանանք լավ հանդիպում անցկացնել ու լավ արդյունքի հասնել, չնայած նրան, որ մրցակիցը շատ ուժեղ է», - ասել է Մխիթարյանը:
https://www.facebook.com/FootballFederationofArmenia/videos/474160893136503/?v=474160893136503