Irakanum.am-ը տեղեկություն էր ստացել այն մասին, որ Գյումրու թիվ 11 դպրոցում դասասենյակի վերանորոգման համար դրամահավաք է իրականնացվում։ Մեր թղթակցի հետ զրույցում, սակայն, թիվ 11 դպրոցի տնօրեն Արմենուհի Գրիգորյանը հերքեց այս տեղեկությունը։
«Նման բան չկա։ Ծնողները կարողացել են ինչ-որ բանով օգնել, բայց ոչ գումար հավաքելով։ Այդ ինֆորմացիան սխալ է։ Երբ որ երեխաների դասերը պետք է երկրորդ հերթ դարձնեինք, քանի որ դասարան չունեինք, երկրորդ դասարանի ծնողները՝ առաջին դասարանի երեխաների ծնողների հետ միասին՝ եկան, ասացին՝ մենք կարող ենք օգնել, մի բան կանենք, որ մի մեծ դասասենյակը կիսվի, դառնա երկու դասասենյակ․ ասենք՝ մեկն օգնի, դռան տեղը բացելու հարցում, մյուսը՝ մեկ այլ հարցում օգնի, այսինքն՝ գումար հավաքել չի եղել։
Ծնողների ցանկություն է եղել, որ դասասենյակը կիսեն, որպեսզի երեխաները չընկնեն երկրորդ հերթ։ Դասվարների հետ եկել են, ասել՝ տիկի՛ն Գրիգորյան, մենք կօգնենք, դասասենյակը թո՛ղ կիսվի, որ մեր երեխաները երկրորդ հերթ չընկնեն։ Քանի որ ծնողները աշխատում են, նրանց համար էլ խնդիր կլիներ երեխաների՝ երկրորդ հերթով դպրոց հաճախելու հարցը», - ասաց դպրոցի տնօրեն Արմենուհի Գրիգորյանը։
Հարցին՝ իսկ ծնողները շինանյութ տարե՞լ են դպրոց, Գյումրու թիվ 11 դպրոցի տնօրեն Արմենուհի Գրիգորյանը նշե․ «Դեռ չեն բերել, բայց, ասենք՝ կարող է բերեն ու դա իրենց՝ ծնողների ցանկությունն է։ Մի մեծ դասարանը պետք է կիսել, դարձնել երկու դասասենյակ։ Կարծում եմ՝ 1-2 շաբաթվա ընթացքում այդ մեծ դասասենյակը կկիսվի ու կդառնա երկու սենյակ։
Երկրորդ դասարանում սովորող աշխակերտների ծնողներն ասացին՝ մենք ուզում ենք մի բան անել դպրոցի համար, կանգնած ենք դպրոցի կողքին։ Դասասենյակը վերանորոգված է, պարզապես, պետք է այն գիպսակարտոնով կիսեն, դուռը բացեն, իսկ դպրոցի բյուջեն ֆինանսավորել է դա», - նշեց Գյումրու թիվ 11 դպրոցի տնօրեն Արմենուհի Գրիգորյանը։
Մենք փորձեցինք զանգահարել նաև Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն, սակայն կապ հաստատել չհաջողվեց։
Լուսանկարը վերցված է Գյումրու թիվ 1 դպրոցի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։