00:00:00

Ադրբեջանի բռնությունից ազատագրման այս օրը վերստին հաստատում ենք մեր զորակցությունը Արցախին. Գարեգին Բ

16:31, 02 սեպտեմբեր 2019

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին եւ հավատավոր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Լեռնային Ղարաբաղի պետական այրերին եւ մեր ողջ հավատավոր ժողովրդին Արցախի Հանրապետության օրվա առիթով: Արդեն 28-րդ տարին անընդմեջ ազգովի տոնախմբում ենք պատմական անարդարությունների դեմ նորագույն շրջանում հայ ազգի հաղթանակն ազդարարող` Արցախի անկախության հռչակման տարեդարձը։ Տոնում ենք արդար հպարտությամբ հաղթությունը մեր զավակների հերոսական պայքարի, որի շնորհիվ Արցախը դարձավ համայն մեր ժողովրդի ազատ ու արժանապատիվ կյանքի նոր հույսերի փարոսը: Պատերազմական դժվարին տարիներին մեր ժողովրդի զավակների հեղած արյամբ նվիրագործվեց արցախյան հողը, որի երջանիկ ու անվրդով կյանքի համար տակավին հարկադրված ենք պայքարել, երբեմն անգամ մեր զավակների կյանքի գնով: Բարձրորեն գնահատում ենք խիզախ ոգին ու նվիրումը արցախաբնակ մեր զավակների, հայրենի սահմաններն անառիկ պահող մեր քաջարի զինվորների, որոնց հանձնառության շնորհիվ զորեղ ու լավատես է նաեւ աշխարհասփյուռ հայոց հոգին եւ կյանքը: Ադրբեջանի բռնությունից ազատագրման այս օրը վերստին հաստատում ենք մեր Սուրբ Եկեղեցու զորակցությունը Արցախին եւ նրա բարեսեր ժողովրդին: Հայոց Եկեղեցին իր օրհնությամբ եւ ողջ ներուժով շարունակելու է սատարել հայրենի պատմական հողի վրա վերականգնված ազատ ու անկախ պետականության ամրապնդման սրբազան առաքելությանը: Դրա անուրանալի վկայությունը նաեւ հոգեփրկչական օրհնաբեր գործունեությունն է Արցախի թեմի, որի հիմնադրման 30-ամյա տարեդարձը նշանավորվեց Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծումով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր հայցն ենք առ Աստված բարձրացնում, որ  Երկնավոր Տերը ին զորակից լինել Արցախի մեր հերոս ժողովրդին՝ պարգեւելով աննկուն կամք ու ոգի՝ հաղթահարելու պարտադրյալ պատերազմի բոլոր դժվարությունները: Թող Բարձրյալ Տերը խաղաղ ու անսասան պահի Արցախ աշխարհը, շեն ու պայծառ՝ արցախահայության կյանքը», - ասված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր