00:00:00

Սեպտեմբերի 1-13-ը հայտարարված են մանսուրյանական օրեր

19:48, 28 օգոստոս 2019 Մշակույթ

Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Սեպտեմբերի 1-13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կունենանք մանսուրյանական օրեր: Համերգաշարը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին՝ Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այնտեղ կհնչի մաեստրոյի կինոերաժշտությունը՝ սիմֆոնիկ նվագախմբի համար նոր գործիքավորմամբ: Եվս երեք համերգ՝ սեպտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին, կկայանա Երևանում՝ ընդգրկելով Մանսուրյանի կամերային ստեղծագործությունները, կոնցերտները, բալետային ու կինոերաժշտությունը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համերգաշարին ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ «Մաեստրո Մանսուրյան-80» ծրագրի շրջանակում ստեղծագործությունները կմատուցվեն նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ: «Երաժշտությունը նորովի կներկայացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին ժամը 20:00-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Տեխնիկապես բավականին բարդ համերգ է լինելու, ինչին շատ երկար ենք պատրաստվել»,- ասաց Մարությանը և հավելեց, որ տեխնիկան արդեն իսկ ուղարկվել է Արցախ, որտեղ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահություն հայտնեց, որ մաեստրոն դեռ երկար տարիներ շարունակելու է զարմացնել իր հանդիսատեսին: «Ծրագրին մաղթում եմ լավ ընթացք և կարծում եմ, որ այս համերգաշարն ամփոփելու ժամանակ կարձանագրենք, որ 2019 թվականի մշակութային կյանքում այս իրադարձությունը մեծ նշանակություն է ունեցել»,- նշեց Հարությունյանը: ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայկ Մարությանին և Արայիկ Հարությունյանին՝ այս համերգաշարն իրականացնելու համար: «Այս միջոցառումների շարքը ներկայացնում է մեր իշխանությունների ուշադրությունը երաժշտության նկատմամբ»,- շեշտեց Մանսուրյանը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իր համար երջանկություն է մաեստրոյի հետ աշխատել և խոսել երաժշտությունից: «Կարող եմ ասել, որ աշխարհն ունի երկու Մանսուրյան՝ Հայաստանին ծանոթ և աշխարհին ծանոթ Մանսուրյան: Մեր երկրում նրան ավելի շատ ճանաչում են կինոերաժշտությամբ, իսկ արտասահմանում՝ դասական երաժշտությամբ»,- նշեց Սմբատյանը և կարևորեց այն փաստը, որ հայ հանդիսատեսը մանսուրյանական օրերի շնորհիվ ավելի մոտիկից կծանոթանա կոմպոզիտորի դասական երաժշտության հետ: Երևանի քաղաքապետը նաև ներկայացրեց Մանսուրյանի 80-ամյակին նվիրված մաեստրոյի դիմանկարով սահմանափակ քանակությամբ հուշամեդալներ, որոնք առաջինը շնորհվեցին Տիգրան Մանսուրյանին, Սերգեյ Սմբատյանին և Արայիկ Հարությունյանին: Տիգրան Մանսուրյանը, հուշամեդալը տեսնելով, հայտարարեց. «Աննման է, նման լինելով՝ աննման հուշամեդալ է»: Համերգաշարը կամփոփվի սեպտեմբերի 13-ին Գյումրիում՝ կրկին կինոերաժշտության կատարումներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր