00:00:00

Խոշոր ընկերությունները միտումնավոր դուրս են մղում մանր դեղատներին. բաց նամակ վարչապետին

01:20, 28 մարտ 2018

Հայաստանի գործող մի շարք փոքր եւ միջին դեղագործական ընկերություններ եւ անհատ ձեռնարկատերեր բաց նամակով դիմել են երկրի վարչապետին, որում  նշում են, որ թեեւ ՀՀ կառավարությունը մշտապես խոսում է ՓՄՁ-ներին ցուցաբերվող աջակցության մասին, սակայն իրականում հակառակն է տեղի ունենում:

Նամակի հեղինակները հիշեցնում են, որ Հայաստանում 1600 դեղատուն է գործում, որից 400-ը պատկանում է մեծածախ դեղագործական ընկերություններին, մնացածը՝ մանրածախ ոլորտում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններին: Նրանք նշում են, որ ողջունում են փետրվարի 8-ին կայացած վարչապետի հանդիպումը դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ, քանի որ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, սակայն ընդգծում են, որ այդ հանդիպմանը ՓՄՁ-ների որեւէ ներկայացուցիչ չկար:

Վարչապետին դիմելու պատճառ են դարձել նոր փոփոխությունները «Դեղերի մասին» օրենքում, որոնք ներկայացվել են քննարկման (https://www.e-draft.am/projects/8): Փոփոխությունները նախատեսում են հետաձգել օրենքի երկու դրույթների ուժի մեջ մտնելը մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը։ Այդ դրույթները վերաբերում են դեղերի մեծածախ եւ մանրածախ առեւտրի բաժանմանը (գործունեության այս երկու տեսակների համար տարբեր լիցենզիաներ են տրամադրվում): «Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով. «4) 21-րդ հոդվածի 16-րդ մասի և 25-րդ հոդվածի 12-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի մեկից:»: Այսինքն. Հոդված 21. Դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի եւ դեղաբուսական հումքի ներմուծումը  եւ արտահանումը ….
  1. Դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարող իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն:
Հոդված 25. Դեղերի մանրածախ իրացումը ….
  1. Դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձը չի կարող իրականացնել դեղերի մեծածախ իրացում` դեղատնային գործունեության լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում՝ լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում)», – բերված են առաջարկվող փոփոխությունները նամակում։
Դեղագործության ոլորտի ՓՄՁ-ների ներկայացուցիչների կարծիքով՝ օրենքի հենց այս դրույթներն էին կոչված պաշտպանելու նրանց խոշոր ընկերությունների կամայականություններից, սակայն դրանց ուժի մեջ մտնելը առաջարկվում է հետաձգել մինչեւ 2025 թվականը: Նամակի հեղինակները հիմնավորումներ են ներկայացնում այս որոշման անթույլատրելիության համար. «1.      Մեծածախ խոշոր ընկերությունների գնային քաղաքականությունը Մի շարք խոշոր դեղագործական ընկերություններ, որոնք դեղորայքի շուկայում  իրականացնում են թե մեծածախ, թե մանրածախ առեւտուր, իրենց իսկ դեղատներում սահմանում են դեղորայքի եւ պարագաների  համար այնպիսի գներ, որոնք աննշան են տարբերվում մեծածախ գներից՝ մեծածախից մանրածախի հավելագինը կազմում է մոտ 5 տոկոս։ Այսինքն, եթե որեւէ անհատ ձեռներեց՝ դեղատունը  աշխատում է շրջանառության հարկով, որը ՀՀ-ում կազմում է մինչեւ 5 տոկոս, ապա իր դեղատանը նա  պետք է սահմանի ավելի բարձր հավելագին, որպեսզի կարողանա շահույթ ստանա։ Գաղտնիք չէ, որ մանրածախ առեւտրի բնագավառում, մասնավորապես դեղատներում որպեսզի շահույթ ապահովես, պետք է առնվազն 15-20 տոկոս վրադիր նախատեսվի մեծածախ գներից ելնելով, բայց փաստացի այն կիրառելի չէ, ելնելով մեծածախով զբաղվող ընկերությունների քաղաքականությունից:  Այսինքն, մեծածախ ընկերությունները իրենց գերշահույթները ապահովում են մեծածախ վաճառքից, իսկ իրենց իսկ մանրածախով իրացումը ապահովում է մեծածախի անուղղակի  զուտ շրջանառություն: Չդիմանալով ցանցային դեղատների հետ անարդար մրցակցությանը՝ նման դեղատները ֆինանսական խնդիրներից ելնելով փակվում են։   Այդ քաղաքականությունը շուկա գրավելու համար իրականացվում է միտումնավոր, որպեսզի փոքր եւ միջին դեղատները փակվեն, որը տեղի է ունենում տվյալ պահին: Փոքր եւ միջին  ձեռներեցները կարծում էին, թե տվյալ խնդիրը կլուծվի «Դեղերի մասին» նոր օրենքի գործարկումից հետո, որի դրույթներից մեկը պահանջում է մեծածախ ու մանրածախ առեւտրի տարանջատում։ Օրենքի տվյալ դրույթի իրականացման համար Կառավարությունը պետք է ընդունի համապատասխան նորմատիվային ակտեր ու դա պլանավորվում էր անել դեռ 2017-ին։ Դա չի արվել ու օրենքի տվյալ կետը միայն թղթի վրա է մնացել։ Իսկ հիմա արդեն օրենսդրական փոփոխության տեսքով այդ կետը հանվելու է գործող օրենքից եւ դրա իրականացումը լոբինգ է արվում խոշոր մեծածախ ընկերությունների կողմից:
  1. Մեծածախ խոշոր ընկերությունների փոքր եւ միջին դեղատներին շուկայից դուրս մղելու քաղաքականությունը
Խոշոր դեղագործական ընկերությունները տվյալ պահին քաղաքականություն են  վարում, նաեւ առ այն, որ փոքր եւ միջին  ձեռներեցների գործունեության վայրի հարեւանությամբ սկսում են նույն գործունեությունը իրականացնել, ինչպես նաեւ կիրառել ցածր գնային քաղաքականություն, որի մասին արդեն իսկ նշել եմ: Այս ամենը բերում է նրան, որ փոքր եւ միջին  դեղատները անհավասար մրցակցային դաշտի շնորհիվ դուրս են մղվում: Ամփոփելով վերոգրյալը, փոքր եւ միջին  դեղատները գտնում են, որ բացարձակապես անթույլատրելի է «Դեղերի մասին» նոր օրենքի փոփոխությունն այդ հոդվածի մասով, այսինքն պետք է հնարավորինս սեղմ ժամկետում կիրառելի դարձնել գործող օրենքի  21-րդ հոդվածի 16-րդ մասը եւ 25-րդ հոդվածի 12-րդ մասը:
  1. ԵԱՏՄ անդամ երկրներում դեղերի մեծածախ եւ մանրածախ առեւտուր առանձնացված է:
Անհասկանալի է թե ինչպես է շրջանառության մեջ դրվում օրենքի փոփոխություն, մասնավորապես՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասի եւ 25-րդ հոդվածի 12-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի մեկից, որով վերջինների կիրառությունը հետաձգվում է մինչեւ 2025թ.-ը: Այնինչ ԵԱՏՄ պայմանագրով եւ կանոնակարգերով, ԵԱՏՄ տարածքում մինչեւ 2021 թ.-ը դեղերի շրջանառությունը կարգավորող բոլոր նորմատիվները պետք է լինի միասնական: Այսինքն, եթե ԵԱՏՄ երկրներում դեղերի մեծածախ եւ մանրածախ առեւտուր  առանձնացված են, ապա չի կարող ՀՀ-ում լինել միասնական: ՀՀ-ում դեղատնային գործունեություն իրականացնող փոքր եւ միջին ընկերությունները եւ անհատ ձեռներեցները «Դեղերի մասին» ՀՀ օրենքի փոփոխության վերոնշյալ դրույթի ընդունման արդյունքում կունենան մեծ ֆինանսական խնդիրներ, քանի որ արհեստականորեն դուրս կմնան առողջ մրցակցությունից,  ինչը կհանգեցնի դեղատների փակմանը, որը տվյալ պահին արդեն իսկ իրականանում է», – ասվում է նամակում։ Դրա հիման վրա նամակի հեղինակները խնդրում են վարչապետին.
  1. Հանձնարարել ուսումնասիրել ներկայացված խնդիրները
  2. Վերանայել «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
  3. Ոլորտի խնդիրների քննարկումներին ներգրավել նաեւ ՓՄՁ-ների ներկայացուցիչներին:
Նամակը ստորագրել են`
  1. «Ֆարմալայք» ՍՊԸ
  2. «Ֆարմինես» ՍՊԸ
  3. «Ֆարմաքս» ՍՊԸ
  4. «Ակրաս» ՍՊԸ
  5. «Ֆարմաշ» ՍՊԸ
  6. «Բոլյուս» ՍՊԸ
  7. «Լիվա Ֆարմ» ՍՊԸ
  8. «Ռոյալ ֆարմ» ՍՊԸ
  9. «Խաչունց Գրուպ» ՍՊԸ
  10. «Կարեն Խաչիկյան» ՍՊԸ
  11. «Իռեն-Էմմա» ՍՊԸ
  12. «Խաչվար» ՍՊԸ
  13. «Լիտիան» ՍՊԸ
  14. «Մեդ տուր սերվիս» ՍՊԸ
  15. «Ստանդարտ Մեդիքլ» ՍՊԸ
  16. «Անի եւ Գառնի» ՍՊԸ
  17. «Ջուլի Ֆարմ» ՍՊԸ
  18. «Մեժ Ֆարմ» ՍՊԸ
  19. «Նաս Գրուպ» ՍՊԸ
  20. «Հայկ-95» ՍՊԸ
  21. «Ասպուրակ» ՍՊԸ
  22. «Լեւոն եւ Լամարա» ՍՊԸ
  23. Ա/Ձ Նելլի Գալոյան
  24. Ա/Ձ Վարդանուշ Միքայելյան
  25. Ա/Ձ Աննա Բաբաջանյան
  26. Ա/Ձ Զվարթ Մկրտչյան
26.03.2018թ. Կատարող՝ «Ֆարմբրոկեր» ՍՊԸ-ի իրավախորհրդատու Ա. Խաչատրյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր