«Իմ քայլը» խմբակցությունում խմորումները շարունակվում են։ Իշխող քաղաքական ուժը, որի խմբակցությունը բացարձակ մեծամասնություն է կազմում խորհրդարանում աշնանը հնարավոր է պառակտվի։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իշխանությունում միասնական դիրքորոշման հասնել հնարավոր չէ, ինչն էլ առաջացրել է գործող իշխանության վերնախավի դժգոհությունը։ Երեկ տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ քննարկումը, որը նվիրված է եղել կոնվենցիայի դրույթներին։ Իշխող խմբակցության պատգամավորներից շատերը քննարկմանը չեն մասնակցել, այդ կերպ արտահայտելով իրենց դիրքորոշումը։
Չնայած այն հանգամանքին, որ Ռուստամ Բադասյանը հնարավոր ու անհնարին բոլոր եղանակներով փորձել է ցրել կասկածները կոնվենցիայի վտանգավոր դրույթների վերաբերյալ միեւնույնն է այն պատգամավորները, ովքեր իսկզբանե դեմ են արտահայտվել մնացել են անդրդվելի։
Irakanum.am-ին հասած տեղեկությունների համաձայն Ստամբուլյան կոնվենցիային կողմ քվեարկելու մասին արդեն հսստակ դիրքորոշում են «Իմ քայլի» «սորոսական» թեւի ներկայացուցիչները։ Ինչ վերաբերում է այն պատգամավորներին, ովքեր չեն հանդիսանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, բայց այդ ցուցակով դարձել են պատգամավոր, դեռեւս վերջնական որոշում չունեն։ Չի բացառվում, որ նրանք մանդատները պահելու համար կատարեն մեծամասնության որոշումը եւ դակեն այդ փաստաթուղթը։ Թերեւս ամենադժվարը «հնաբնակ» ՔՊ-ականներինն է, չգիտեն՝ վավերացնեն, թե չվավերացնեն այդ փաստաթուղթը, չէ, որ կատարելով իրենց այս քայլը, կարժանան հասարակության դժգոհությանը։
«Իմ քայլ»-ում այս պահին սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հստակ վերաբերմունքին։ «Մեսիջներ» Փաշինյանը դեռ չի ուղարկել։ Ամեն դեպքում հստակ է, որ Ստամբուլյան կոնվենցիան «ժողովրդի իշխանությանը» ժողովրդից հեռացնելու պատճառ է դառնալու։ Աշնանը բոլոլայից խուսափել հնարավոր չի լինի։
Irakanum.am