«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեցին՝ «Սանիթեքն» առանց Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրի վերանայման չի կարող շարունակել աղբահանություն իրականացնել մայրաքաղաքում, քանի որ ընկերությունը հասել է մի իրավիճակի, որ կորցրել է իր բոլոր ռեսուրսներն ու սարքավորումները։
«Իսկ ֆինանսական տեսանկյունից պետք է ասել՝ անհնար է շարունակել գործունեությունն՝ առանց Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրի վերանայման։ Նույն բյուջեով հնարավոր չէ ծառայություններ կատուցել», - ասաց ընկերության ներկայացուցիչը:
Հիշեցնենք՝ ընկերությունը Հայաստանում գործում է 4.5 տարի: Սեփականատերերը Լիբանանից և Կանադայից են:
«Սանիթեքի» տնօրեն Նիկոլաս Էլ Թալիվը ասուլիսի ընթացքում՝ տեսակապով ասաց՝ քաղաքապետարանին կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաջարկներ է ցանկանում ներկայացնել:
«Քանի որ քաղաքապետարանը ձեռք է բերել նոր աղբադույլեր եւ աղբամաններ, «Սանիթեքի» հետ ջանքերի մեկտեղումը վերջ կդնի այսօրվա վիճակինԼ Պետք չէ վատաբանել «Սանիթեքին»,- մանրամասնեց տնօրենը:
«Սանիթեքի» տնօրենն առաջարկեց քաղաքապետարանի հետ քննարկում սկսել եւ համատեղ լուծման գալ: Սա կարճաժամկետ լուծումն է:
Իսկ երկարաժամկետ լուծումն այն է, որ «Սանիթեքը» պատրաստ է 4 մլն դոլար ներդրում անել նոր աղբադույլեր, 500 աղբամաններ գնելու, աղբ հավաքող մեքենաների պարկը թարմացնելու, աղբի կառավարման ծրագրի, Նուբարաշենի աղբավայրի ենթակառուցվածքների զարգացման համար։