ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երկու տասնամյակից ավելի, քառորդ դար ինտենսիվ շփումների, ավելի քան 2 միլիարդ դոլարի միայն նվիրատվության և տարատեսակ այլ ֆինանսատեխնիկական և քաղաքական օժանդակությունների պարագայում հայ-ամերիկյան հարաբերությունը չի ստացել ինստիտուցիոնալ համակարգային բնույթ և գտնվում է, այսպես ասած, լոկալ ծրագրային մակարդակի, լոկալ խմբային հարթությունների վրա:
Ավելին՝ նույնիսկ հնարավոր է կասկածել անգամ լոկալ խմբերի արդյունավետության, օգտակար գործողության գործակցին, քանի որ այդ խմբերում ներգրավված շատերի համար հայ-ամերիկյան հարաբերություն ինքնին՝ որպես Հայաստանի անվտանգության և քաղաքական ու տնտեսական զարգացման խորքային, հիմնարար, ռազմավարական պահանջարկ, գոյություն չունի, և կա ընդամենը որոշակի կորպորատիվ հետաքրքրություն՝ ըստ իրավիճակի:
Գործնականում սա հայ-ամերիկյան հարաբերության առանցքային բացն է՝ հարաբերությունների հետագա խորացման գործընթացում ինստիտուցիոնալության, ցանցային բնույթի բացակայությունը, ինչն էապես ազդում է արդյունքների թե՛ ծավալային, թե՛ հեռանկարային արդյունավետության վրա և հարաբերությունն իր ընդհանուր ծավալով դարձնում գործնականում քիչ մրցակցային՝ բերելով նրան, որ իր որակական, արժեհամակարգային, քաղաքակրթական հատկանիշներով լինելով անհամեմատ ավելի բարձր, Հայաստանի պետական շահին և անվտանգությանը խորապես ավելի համահունչ, այդուհանդերձ՝ համեմատության մեջ այդ հարաբերությունը տանուլ է տալիս հայ-ռուսական հարաբերությանը: