Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ որոշմամբ, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր է իրականացրել Շիրակի և Արագածոտնի մարզերի ազատությունից զրկման վայրեր:
«Մասնավորապես, այցեր են իրականացվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, Արթիկի, Գյումրու և Թալինի ձերբակալվածների պահման վայրեր և ոստիկանության բաժիններ, Գյումրու հոգեկան առողջության կենտրոն: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի և սննդամթերքի ժամկետներին համապատասխանությունը, աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն:
Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց և հաստատությունների աշխատակիցների հետ: Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների ղեկավարների հետ: Ամփոփված վերլուծական տեղեկանքները կուղարկվեն իրավասու պետական մարմիններին: Այցերի արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ հաղորդում»,- ասված է հաղորդագրությունում: