Եզրափակվեց Երևանի կարևորագույն մշակութային միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը:
Փառատոնի մրցանակակիրների անունները հայտնի դարձան հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացած մրցանակաբաշխության և կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետի մրցանակ (GAIFF Pro-ի կինոյի զարգացման հարթակ) մրցանակը հանձնվեց Տաթև Հակոբյանի «Թակարդը» կինոնկարին:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» կինոնկարը, «Արծաթե ծիրան»-ը տրվեց Կանտեմիր Բալագովի «Լողլողը» ժապավենին: Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» կինոնկարը:
Մրցույթի ժյուրիի նախագահ, ռեժիսոր, սցենարիստ, «Եղիցի լույս» մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Մինդաձեն շնորհակալություն հայտնեց փառատոնի հիմնադիրներին` նշելով, որ «Ոսկե ծիրան»-ը իրեն դուր է եկել ծրագրի բազմազանությամբ, որակյալ ֆիլմերի առատությամբ: Նրա խոսքով` որոշում կայացնելիս ոչ միշտ Է համամիտ եղել ժյուրիի մյուս անդամների հետ, բայց, ի վերջո, համատեղ որոշում են կայացրել:
Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ը տրվեց Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին» ժապավենին: