00:00:00

Թրամփի վարկանիշն աճել է

03:07, 08 հուլիս 2019 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է առավելագույն ցուցանիշի երդմնակալության պահից նրա վարչակազմի հաջողված տնտեսական քաղաքականության շնորհիվ: Այդ մասին վկայում են կիրակի հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացվել էր Langer Research Associates սոցիոլոգիական ծառայության կողմից АВС հեռուստաընկերության եւ The Washington Post թերթի պատվերով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ հարցման արդյունքների՝ նախագահի պաշտոնում Թրամփի աշխատանքին հավանություն է տալիս հարցվողների 44 տոկոսը: Ավելի վաղ դրական գնահատական էին տվել նույն հարցին 42 տոկոսից ոչ ավելի հարցվողներ 2017 թվականի ապրիլին: Հետազոտողների գնահատմամբ՝ Թրամփի վարկանշի աճը կապված է տնտեսական ոլորտում նրա քաղաքականության հետ, որը հարցվողները հաջողված են համարում: Մասնավորապես, դրական է գնահատել հարցվածների 51 տոկոսը, իսկ բացասական՝ 42 տոկոսը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահի արտաքին քաղաքականությունն արդյունավետ է համարել հարցվածների 40 տոկոսը, իսկ անարդյունավետ՝ 55 տոկոսը: Շուրջ 37 տոկոսը գտնում է, որ Կոնգրեսը պետք է սկսի Թրամփի իմպիչմենտի գործընթացը, հակառակ կարծիք ունի 59 տոկոսը: Հարցման մասնակիցներին տրվել էր նաեւ հարցը, թե ում կընտրեին, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային այսօր: Առաջարկվում էր ընտրություն կատարել Թրամփի եւ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու մեծ հավանականություն ունեցող հինգ դեմոկրատների միջեւ: Այդ հնգյակում ներառված էին նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը, Մասաչուսեթսի սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի ղեկավար Փիթ Բութեջաջը եւ Կալիֆոռնիա նահանգի սենատոր Քամալա Հարիսը: Համաձայն անցկացված հարցման արդյունքներին՝ Թրամփը կպարտվեր նշված հինգ քաղաքական գործիչներից յուրաքանչյուրին: ԱՄՆ-ի նախագահի հիսունիններորդ ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր