00:00:00

Երևանում ԱՄՆ դեսպանատունը տոնել է Անկախության օրը

17:10, 03 հուլիս 2019 Մշակույթ

2019թ. հուլիսի 2-ին ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 243-րդ տարեդարձը, որը նշանավորվեց մոթաուն երաժշտության գեղեցիկ երեկոյով՝ զուգորդված ամերիկյան խոհանոցին բնորոշ հյուրասիրությամբ ու հրավառությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան կողմից տարածած հաղորդագրության մեջ: Հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիսերը վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունն Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին՝ նշելով. «Լինելով Հայաստանում՝ վերջին տարվա ընթացքում ուրախությամբ հետևել եմ, թե ինչպես է հայ ժողովուրդը կերտում իր նոր ժողովրդավարական ուղին: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել գործակցությունը հասարակության բոլոր օղակների մեր հայ գործընկերների հետ, որպեսզի հայ ժողովրդի ժողովրդավարական տեսլականը դառնա իրողություն»: Գործերի ժամանակավոր հավատարմատար Գրիսերն իր խոսքում նաև անդրադարձավ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկի՝ ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի կարևոր դերակատարմանը Միացյալ Նահանգների պատմության մեջ՝ առանձնացնելով նրա այն դիտարկումը, որ հեղափոխությունը դեռևս փոփոխությունների կատարման մեկնարկային կետն է: Միացյալ Նահանգների Անկախության օրը նշվում է ամեն տարի հուլիսի 4-ին, հենց այն նույն օրը, երբ 1776թ. ընդունվեց ԱՄՆ Անկախության հռչակագիրը: Ամերիկացիների համար այս տոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրն է: Հանդիսավոր արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների ազգային օրհներգերը՝ սիրված «Հովեր» պետական կամերային երգչախմբի 5 երգիչների կատարմամբ: Միջոցառմանն առանձնահատուկ հմայք հաղորդեցին Ջիզել Ջեքսոնն ու Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդը՝ հյուրերին ներկայացնելով բացառապես ամերիկյան երաժշտական ուղղություն համարվող մոթաուն երաժշտությունը, որը 1960-ականների փոփ, R&B և սոուլ երաժշտության ինքնատիպ համադրություն է:  Իսկ հուլիսի 3-ին՝ ժամը 20-ին բենդը հանդես կգա անվճար բացօթյա համերգով Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր