Օրեր առաջ ԱԻՆ-ից և Երևանի Նոր Նորք վարչական շրջանից ահազանգ ստացվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ այն մասին, որ Մյասնիկյան պողոտայում՝ Նոր Նորքի առաջին զանգվածի կողմից, ջրի արտահոսք և քարաթափում է նկատվում:
Ընկերության «Հյուսիս» շահագործման տեղամասի մասնագետների ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ հերթական անգամ խոսքը կոյուղու համակարգի աշխատանքին բնակիչների կողմից միտումնավոր միջամտության մասին է: Ընդ որում ոչ ավել, ոչ պակաս, այգիների ու բանջարանոցների ոռոգման համար:
Այն, որ մեզանում ոռոգման նպատակով ապօրինաբար օգտագործվում է խմելու ջուր, գաղտնիք չէ: Այստեղից էլ ամառային տապերին երբեմն նկատվող ջրի անբավարարությունը: Բայց փաստ է, որ որոշ բնակավայրերում դրա համար օգտագործվում է նաև կոյուղաջուր, ինչը բոլոր առումներով պարզապես անթույլատրելի է: Դրանց թվում են Երևանի Նոր Նորքի առաջին զանգվածի Լվովյան փողոցի բնակելի շենքերին հարակից հողատարածքները:
Սխեման հետևյալն է. Նոր Նորքի առաջին զանգվածի կոյաջրերի հեռացման համար նախատեսված 500մմ տրամագծով խողովակաշարն իր ողջ երկայնքով ամեն 20-30 մետրը մեկ կոտրված է կամ խցանված այդ զավթված հողակտորների տերերի կողմից, իսկ արտահոսող կեղտաջրերով ոռոգվում են, ինչպես արդեն ասվեց, իրավական առումով տեր չունեցող, սակայն փաստացի կոնկրետ անձանց պատկանող հողատարածքներ: Այնտեղից էլ «կոյուղաջրի ավելցուկը» ի վերջո հոսում է դեպի Մյասնիկյան պողոտա: Կոյուղու խցանման համար կիրառվում են քարեր, երկաթե իրեր, ավազով լի պարկեր: Կոյուղաջրերով առատորեն ոռոգվող տարածքներից ստացվող միրգն ու բանջարեղենն էլ «սեփականատերերը» հանում են վաճառքի՝ հետևանքների մասին չմտածելով:
Նման փաստեր կան նաև Նոր Նորքի 5-րդ զանգվածում, Երևանի այլ տարածքներում, ինչպես նաև մարզերում: Կոյուղատար համակարգը, «ոռոգման ջուր» ստանալու նպատակով, միտումնավոր վնասվում է շատ տեղերում: Վեոլիան շարունակաբար վերանորոգում է խողովակաշարերը, սակայն հաշված օրեր անց բնակիչները վերականգնում են «ստատուս քվոն»՝ այսպիսով շարունակաբար խաթարելով կոյաջրերի հեռացման գործընթացը:
Բայց և պատասխանատվության ենթարկելը ապօրինությունների հեղինակներին խնդրահարույց է. ապօրինաբար ոռոգվող տարածքները որևէ իրավական կարգավիճակ չունեն:
- Խնդրի լուծումը բարդ է, մենք նորոգում ենք կոյուղին, ասում ենք բնակիչներին, որ չի կարելի նման բան անել, իսկ մեր հետևից նրանք նորից գալիս կոտրում են, - աում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Հյուսիս» շահագործման տեղամասի պետ Արամ Գրիգորյանը: