Կառավարությունն այսօր որոշեց առողջապահության նախարարությանը կհատկացնել հավելյալ գումար։ Դա արվում է բյուջեի 62 միլիարդ հավելյալ մուտքի հաշվին՝ առողջապահության ոլորտում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակն ու դրանցից օգտվող շահառուների շրջանակը ընդլայնելու նպատակով։
Կառավարության նիստի ընթացքում առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց,․ «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության համար հատկացնել լրացուցիչ 5․1 միլիարդ դրամ՝ սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններից պետպատվերով օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու և մարդու օրգանների՝ 12 երիկամի և 11 ոսկրածուծի փոխպատվաստման հաամր։ Այս փոփոխություններից ընդհանուր առմամբ օգտվելու է 500 հազար քաղաքացի։ Նախատեսված փոփոխություններով 0-18 տարեկանների բժշկական ծառայությունների մատուցումը կդառնա անվճար»։
Ընդգծենք՝ այս նախագծով բուժաշխատողների աշխատավարձը ևս առաջարկվում է բարձրացնել։
Կառավարությունը հավանություն տվեց նախագին, իսկ վարչապետ Փաշինյանը նշեց՝ Կառավարությունն այս բեռը վերցնում է ծնողի վրայից, որպեսզի նա Աստված մի արասցե, եթե երեխան հիվանդանա, կարողանա նրան հիվանդանոց տանել՝ չմտածելով՝ որտեղից գումար հայթայթել, և ի վերջո, որպեսզի մարդիկ կարողանան բուժծառայություններից օգտվելու համար տնտեսած գումարը ծախսել այլ անհրաժեշտ խնդիրներ լուծելու համար։