Հունաստանի վարչապետի պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությանը Կիպրոսի շուրջ առաջացած լարվածության մասին:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան նավթի և գազի հորատման աշխատանքներ է սկսել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (Միջերկրական ծովի արևելյան հատվածում), ինչին դեմ են ոչ միայն Կիպրոսն ու Հունաստանը, այլև մի շարք այլ երկրներ՝ համարելով դա միջազգային իրավունքի խախտում է։ Թուրքական կողմի պնդմամբ՝ բացառիկ տնտեսական գոտու հիշյալ տարածքը միայն Կիպրոսին չի պատկանում, ուստի Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը ևս հավասար իրավունք ունեն օգտվելու այդ ջրային տարածքի բնական պաշարներից։
Էրդողանը «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ անդրադարձել էր այդ թեմայի շուրջ Ցիպրասի արած հայտարարություններին։ Ցիպրասը խոստացել էր միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ։ Ի պատասխան Էրդողանն ասել էր.
«Հունաստանի վարչապետը ինչ ուզում է թող ասի, Թուրքիան կշարունակի պաշտպանել Հյուսիսային Կիպրոսի քաղաքացիների իրավունքները»։
Ցիպրասն էլ իր հերթին արձագանքելով Էրդողանի տված պատասխանին, նշել է.
«Դիմում եմ Թուրքիայի նախագահին։ Ես խոսում եմ ոչ թե իմ, այլ միջազգային իրավունքի, Եվրամիության և միջազգային հանրության անունից՝ օգտագործելով ողջամտության լեզուն. Հունաստանը միայնակ չէ։ Աթենքը տարածաշրջանի կայունության և խաղաղության հիմնասյուներից է։ Մենք վճռական ենք տրամադրված միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխան իրավունքները պաշտպանելու հարցում։ Հունաստանի կամ Կիպրոսի սուվերենությունը խախտողները պետք է իմանան, որ դրա համար թանկ են վճարելու»։