00:00:00

Երեւանի ճանապարհների վրա մահվան ելքով ՃՏՊ-ները սարսափելի մեծ թիվ են կազմում․ խոսնակ

21:18, 26 հունիս 2019

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Մեդիայում քննարկվում է երթեւեկության անվտանգությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումների անհրաժեշտության մասին քաղաքապետ Մարությանի այսօրվա հայտարարությունը ավագանու նիստի ժամանակ: Անհրաժեշտ է նախ ֆիքսել, թե ինչ ձեւակերպումներով է քաղաքապետը բարձրացրել հարցը: Նա նախ ընդգծել է, որ երթեւեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու համար ՀԱՄԱԼԻՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ են անհրաժեշտ, այդ թվում՝ ➡️ հետիոտնային անցումները լուսավորումը (սրա վերաբերյալ կա հանձնարարական՝ գույքագրել նախ ամենավտանգավոր անցումները եւ աշխատանքը սկսել դրանցից),
➡️ կարգավորվող անցումների կահավորումը (այս պահի դրությամբ ընթացքի մեջ է 14 անցումներում ձեռքով կարգավորվող լուսացույցներ դնելու ծրագիրը, որը շարունակական է լինելու), ➡️ վերգետնյա եւ ստորգետնյա անցումների ավելացումը, ➡️ երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության խստացումը (այս հարցում քաղաքին կարող է օգնել մունիցիպալ ոստիկանության ստեղծումը), ➡️ առավելագույն թույլատրված արագության նվազեցումը, եւ այլն: Որոշ կրճատումներով մեջբերում եմ քաղաքապետի խոսքը, խնդրում եմ ուշադրություն դարձնել ձեւակերպումներին (տեսանյութը մեկնաբանությունում՝ 2:00:50-ից). «Այո, ցավոք սրտի այսօր Երեւանը բավական վտանգավոր է, եւ ոչ միայն հետիոտնի, այլեւ վարորդի համար... պետք է գլոբալ լուծում լինի, որի նախաձեռնողը քաղաքապետարանը պետք է լինի, բայց պետք է միանա, բնականաբար, նաեւ ոստիկանությունը եւ ոչ միայն ոստիկանությունը՝ տարբեր գերատեսչություններ: Նախ եւ առաջ, տվել եմ արդեն հանձնարարական, որ բոլոր [հետիոտնային] անցումների վրա լինի հատուկ լուսավորություն... պետք է գույքագրենք ամենամութ եւ վտանգավոր անցումները եւ դրանք պետք է լուսավորվեն: Բացի դրանից, պետք է ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԴՆԵԼ ԵՎ ՀԱՍՆԵԼ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻ հետեւյալ հարցում: Ձեր նշած քաղաքներում [երթեւեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով] նախ եւ առաջ նվազեցրել են երթեւեկության առավելագույն արագությունը: ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԴՐԱՆ, այո, 60 կմ/ժ արագությունը պետք է իջնի 50-ի, եւ շատ եվրոպական քաղաքներում նորման արդեն 50-ն է, ոչ թե 60-ը.... Չեմ կարծում, որ սա կխոչընդոտի Երեւանում երթեւեկությանը, որովհետեւ այսպես թե այնպես, արագ երթեւեկող երիտասարդները գալիս եւ կանգնում են կարմիր լույսի տակ, այսինքն, կարմիր լույսը հավասարեցնում է արագ եւ դանդաղ երթեւեկողներին»: Վերջում հավելեմ, որ երթեւեկության անվտանգությունը բարձրացնելը քաղաքային իշխանության համար առանցքային կարեւորություն ունի, որովհետեւ լավ գիտենք, որ Հայաստանի եւ հատկապես, Երեւանի ճանապարհների վրա մահվան ելքով ՃՏՊ-ները սարսափելի մեծ թիվ են կազմում: Առանց չափազանցության, այս տխուր ցուցանիշով մենք Եվրոպայի առաջատարների թվում ենք, եւ որքան էլ լուծումները անհարմարություն պատճառեն արագ վարելու սիրահարներին կամ ինչ-որ տեղ շտապող հետիրոտներին, դրանք կենսական անհրաժեշտություն են ներկայացնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր