Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանը նշեց՝ մարդիկ տարիներ շարունակ սպասում են, որ Մարտի մեկի դեպքերը բացահայտվեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։
Աննա Կարապետյանին լրագրողները հիշեցրին՝ նա նախորդ իշխանության օրոք եղել է պետաիրավական հանձնաժողովի փորձագետ, և այս տարիներին իր քաղաքացիական դիրքորոշմամբ հանդես չի եկել, չի արտահայտել որևէ կարծիք՝ կապված Մարտի մեկի հետ։
«Եթե նախկինում նման կարծիք արտահայտել եք, ասել եք՝ պետք է բացահայտվի Մարտի մեկը, դա հանրության պահանջն է․․․ եթե նախկինում նման հայտարարություն արել եք, խնդրում եմ հիշեցրեք», - ասաց լրագրողներից մեկը։
«Ձեզ հիմա մի բան կբացահայտեմ, որը չգիտեք փաստորեն։ Ճիշտ եք ասում, ես նախորդ իշխանությունների օրեք աշխատել եմ պետաիրավական հանձնաժողովում։ Կատարել եմ իմ մասնագիտական, պրոֆեսիոնալ գործունեությունը և քաղաքականությամբ չեմ զբաղվել այդ տարիների ընթացքում։
Բացահայտեմ՝ մինչ այդ՝ շատ բուռ քաղաքական գործընթացներում եմ եղել, մեծացել եմ քաղաքական ընտանիքում, ներգրավված եմ եղել քաղաքական գործընթացներում, իմ հայրը Մարտի մեկի գործով քաղբանտարկյալ է եղել։ Հիմա թույլ տվե՛ք ՝ այլևս չշարունակել», - ասաց Աննա Կարապետյանը։