Խորհրդարանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Հիմնական զեկուցողը հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն է։
Իշխող խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը հարց ուղղեց Լևոն Յոլյանին՝ փորձելով պարզել՝ որքա՞ն գումար են ծախսել հաշվետվությունների՝ պատգամավորներին բաժանված տպագիր տարբերակներից յուրաքանչյուրի վրա: Ըստ Սիսակ Գաբրիելյանի՝ դրա համար, փաստորեն, բյուջեից անարդյունավետ կերպով գումարներ են ծախսվել։
«60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են, սա արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Կարող է՝ ասեք «10 դրամ է մի էջը», բայց 60 էջ՝ 600 դրամ, 132 պատգամավոր, մի ուսուցչի աշխատավարձ: 14 տառատեսակով եք գրել, կարող էիք գրել 20-ով, կլիներ 120 էջ: Չե՞ք կարծում, որ վեթինգը պետք է սկսեք ձեր հանձնաժողովից»,- հարց ուղղեց նա: Յոլյանը պատասխանեց՝ կատարվել է միայն թղթի և քարթրիջի ծախս, իրենք գնում չեն իրականացրել, իսկ մեծածավալ հաշվետվությունը կրճատվել է։ Սիսակ Գաբրիելյանն էլ ընդգծեց՝ պատգամավորները դեմ չեն լինի էլեկտրոնային տարբերակով ստանալ հաշվետվությունը: Յոլյանը պատասխանեց՝ թեև 1 տուփ 2 հազար դրամանոց դրամանոց թուղթ է ծախսվել, բայց, այնուամենայնիվ, հաշվի կառնվեն պատգամավորի նկատառումները։