Այսօր Ծաղկաձորում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կազմակերպած սեմինարի ընթացքում արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի փորձագետ, Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Ֆորնեկը նշեց` որքան էլ զարմանալի է, Գերմանիայում գոյություն չունի ՄԻՊ-ի ինստիտուտը: Ֆորնեկի խոսքով` Գերմանիայում դաշնային, երկրամասային մակարդակներով դիմում-բողոքների հանձնաժողովներ կան, որտեղ քաղաքացիները կարող են դիմել, ներկայացնել իրենց խնդիրները:
«Իհարկե, այդ հանձնաժողովներում աշխատելը բավական բարդ է ու պատասխանատու»,- հավելեց Քրիստիան Ֆորնեկը: Տեսնելով, որ սեմինարի մասնակիցները հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են, Ֆորնեկը նշեց. «Տեսնում եմ` այստեղ հիմնականում կանայք ու աղջիկներ են: Ուրախալի է, որ Հայաստանում լրագրությունը կանանց ապահով ձեռքերում է»,- ասաց Ֆորնեկը: Վերջինս խոսեց նաև Հայաստանում դատարանների ելքերը և մուտքերը արգելափակելու ակցիաների մասին` շեշտելով` օրինակ, Գերմանիայում նման երևույթը չէր ընդունվի ու դրական չէր ընկալվի:
Հիշեցնենք` վերոնշյալ ակցիան տեղի ունեցավ մայիսի 20-ին. հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ մարդիկ այսօր առավոտից արգելափակում են դատարանների շենքերի մուտքերը, սակայն նույն օրւ դարձյալ վարչապետի կոչով ակցիան մի քանի ժամ անց դադարեցվեց: Ֆորնեկը նշեց` նման գործողությունները բացասական տպավորություն են թողնում արտասահմանցի գործարարների վրա. «Ոչ մի գործարար չի գնա մի երկիր` լսելով, որ այնտեղ խոչընդոտում են դատարանների աշխատանքը։
Գործարարը միլիոններ է կորցնում, երբ դատակա նիստը հետաձգվում է։ Ներդրողները պետք է վստահություն ունենան դատական համակարգի նկատմամբ, եթե ներդրում են անելու տվյալ երկրում», – ընդգծեց Ֆորնեկը։