Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում Արմեն Սարգսյանն այցելել է համաշխարհային առաջատար Airbus ընկերության տաղավար:
Սարգսյանը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված նոր մոդելների տեխնիկական հնարավորություններին ու դրանցում կիրառվող նորարարական լուծումներին:
Ընկերության փոխ եւ տարածաշրջանային տնօրեն Լիոնել Շամփոյի հետ Սարգսյանը խոսել է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին, առաջարկել այցելել Հայաստան եւ տեղում ծանոթանալ առկա ներուժին: Նա մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում, որոնք հեռանկարային կարող են լինել Airbus-ի հետ համագործակցության առումով: Airbas-ի ներկայացուցիչները Հայաստան այցելելու պատրաստակամություն են հայտնել:
***
Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ Air Asia ընկերության տաղավար: Ընկերությունը համարվում է ասիական տարածաշրջանի ամենահայտնի եւ ամենապահանջված լոուքոսթերը:
Air Asia ընկերության գործադիր տնօրեն Թոնի Ֆերնանդեսի հետ Սարգսյանը քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները եւ առաջարկել գործունեության համար դիտարկել նաեւ հայաստանյան շուկան: Սարգսյանը նրան հրավիրել է այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ փոխգործակցության հնարավորություններին:
Թոնի Ֆերնանդեսը համագործակցության պատրաստակամություն է հայտնել եւ ընդունել է Հայաստան այցելելու հրավերը: