ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում հայտարարեց՝ ինքը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, փոխվարչապետի մոտ քննարկվել է այդ հարցը։ Մայիսի 2-ին Բագրատյանը բերել է նախագիծը, պարզվել է ՝ մեկ շաբաթ անց ԱԺ նախագահը նույն նախագիծը որոշ փոփոխություններով, կանոնակարգի հետևող փոփոխություններով, ներկայացրել է Կառավարություն:
«Ես հանձնաժողովին ասում եմ՝ պիտի քննարկեք մեր առաջարկը կամ պարոն Ավինյանն առաջարկել է համատեղ քննարկենք: Իրենք համարում են, որ այլևս իշխանություն են, «ո՞վ եք դուք, որ Ձեզ հետ բան քննարկենք». կոնտեքստը սա է, սա վիրավորական է: Իմ հարցը մերժվել է: Պարոն Դանիելյանն ասաց՝ պարո՛ն Բագրատյան, Դուք նույնիսկ առաջարկեցիք, ասացիք՝ ԱԺ նախագահի առաջարկները ավելի լավն են, այո՛ , ես այդ վեհանձնությունն ունեմ։
Ես պատրաստ եմ զիջել ցանկացած հարց, բայց հասկանում եմ՝ էթիկան պահանջում է, որ պարոն Արարատ Միրզոյանն ինձ հրավիրի, ասի՝ պարո՛ն Բագրատյան, որպես պետության նկատմամբ այդպիսի վերաբերմունք ունեցող մարդ, եկե՛ք այս ձևով անենք։
Վստահեցնում եմ՝ ես 24 ժամ կաշխատեի, որ նախագիծն ավելի լավը լիներ, բայց սա արհամարհանք եմ համարում, որ ամսի երկուսին ես նախագիծ ներկայացնեմ․․․ Այսինքն՝ եթե այդ խողովակով է գնում, որ Արարատ Միրզոյանով պիտի անցնի, կարող է ցանկացած նախագիծ անուն-ազգանունը փոխել, ինքը ներկայացնել, սա մոտեցո՞ւմ է»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։