00:00:00

Թուրքիայում քննարկել են հայաստանցի միգրանտների հարցը

03:40, 14 հունիս 2019 Աշխարհ

Ստամբուլի Բիլգի համալսարանում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում ներկայացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի և Բիլգի համալսարանի Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնի կողմից համատեղ կազմված զեկույց՝ Թուրքիայում հայաստանցի միգրանտների խնդիրների առնչությամբ։ Ուշադրության կենտրոնում հատկապես եղել են երեխաները։ Ուսումնասիրության շրջանակներում նաև հարցումներ են իրականացվել։ Հարցումներին ներգրավված են եղել 8-ից 11 տարեկան 102 և 12-ից 18 տարեկան 58 երեխա։ 8-ից 11 տարեկան երեխաների 73, իսկ 12-ից 18 տարեկան երեխաների 90%-ը նշել է, որ լավ կամ շատ լավ է հասկանում թուրքերեն։ 8-ից 11 տարեկան երեխաների 75, 12-ից 18 տարեկան երեխաների 81%-ը Հայաստանում է ծնվել։ Երկու տարիքային խմբի երեխաներն էլ հիմնականում բացի տնային գործերից ընտանիքին օգնելու նպատակով այլ տեղ էլ են աշխատում։ Ընդհանուր առմամբ նրանք հայտնել են, որ գոհ են կյանքի պայմաններից և իրենց անվտանգ են զգում։ Երեխաների համար կարևորագույն խնդիրներից է ուսումը։ Նրանց մի մասը մասնավոր կրթական հաստատությունների կառավարման ոլորտում 2012 թվականին իրականացված փոփոխությունների շնորհիվ կարողանում են որպես հյուր-աշակերտ մասնակցել Ստամբուլի հայկական դպրոցների դասերին, սակայն պաշտոնապես գրանցված չեն այդ դպրոցներում և դիպլոմ չեն ստանում։ Զեկույցի մեջ նշվում է նաև, որ Թուրքիայում բնակվող հայաստանցի միգրանտների թվի վերաբերյալ հստակ տվյալներ չկան։ Տարբեր պնդումներ կան թվաքանակի վերաբերյալ՝ 10 հազարից մինչև 70 հազար, սակայն իրական թիվը, ըստ զեկույցի, 15-20 հազարի սահմաններում է։ 1990-ականներից սկիզբ առած արտագաղթի հետևանքով Թուրքիայում հաստատված հայաստանցիները որպես այդտեղ հաստատվելու հիմնական պատճառ նշել են Հայաստանում եղած գործազրկությունն ու աշխատանք գտնելու մտադրությունը։ Զեկույցում շեշտվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն էլ ավելի է դժվարեցնում հայաստանցի միգրանտների առանց այն էլ բարդ կացությունը։ ermenihaber.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր