00:00:00

Մարդասիրական ականազերծման գործընթացում Հայաստանը կարող է աջակցել նաև այլ երկրների

18:34, 23 մարտ 2018

Մարտի 23-ին ՀՀ ԱԻ նախարարության և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ հակաականային գործունեության ու աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության մասին: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը: Գ. Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց ականային խնդրի վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու կարևորությունը. - Բոլորս շատ լավ գիտակցում ենք ականազերծման նշանակությունը մեր ժողովրդի անվտանգության համար, և դա դիտարկում որպես աղետների ռիսկի նվազեցման միջոցառում: Ականային խնդիրն աղետների ռիսկի առաջացման աղբյուր է և աղետների դեպքում լուրջ խոչընդոտ կարող է դառնալ փրկարարական աշխատանքների իրականացման համար: Կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը նշեց, որ ականային խնդրի լուծումը կապված է նաև երկրի տնտեսական ենթակառուցվածների ու համայնքների համաչափ զարգացման հետ: - Այս հուշագիրը համագործակցության նոր հարթակ է, որի շնորհիվ մենք կարող ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր: Միաժամանակ՝ սա մեր երկրին հնարավորություն կտա մյուս երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերել նաև ականազերծման գործընթացում,- ասաց Ռ.Առաքելյանը: ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը նշեց, որ համագործակցությունը ծավալվելու է հիմնականում ՓԾ Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հետ, ինչը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը: ԱԻ նախարարությունն ու Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը համագործակցությունը կզարգացնեն հետևյալ ուղղություններով՝ • ականների վտանգի իրազեկում, որի նպատակն է նվազեցնել կամ չեզոքացնել ականների և/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների ազդեցությունը մարդկանց կյանքի և առողջության վրա՝ վերջիններիս ուսուցման և իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով. • ականների և/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների հայտնաբերման, ականային պատահարների և ականներից տուժած անձանց մասին տեղեկությունների փոխանցում ՀԱՓԿ-ին. • հակաականային գործողություններում տեխնիկական և մասնագիտական օժանդակության տրամադրում. • հակաականային գործողությունների և աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ դասընթացների կազմակերպում: Վերջերս հաստատված «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցի համաձայն՝ նախատեսվում է համայնքների անձնագրերում ընդգրկել տեղեկություններ՝ այնտեղ առկա ականապատ տարածքների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր