Ծրագրավորողները ստեղծել են սարք, որը, նրանց պնդմամբ, կարող է «կոտրել» ցանկացած Iphone։ Միջոցը մշակել է Grayshift ընկերությունը։ Այն մշակել են կիբերանվտանգության մասնագետներ Ջասթին Ֆիշերը եւ Բրեյդեն Տոմասը, որոնք վեց տարի աշխատել են Apple–ում։
GrayKey անունն ստացած սարքը Lightning երկու լարով փոքրիկ մոխրագույն տուփ է, որի շնորհիվ դրան կարելի է կցել միանգամից երկու Iphone: Սմարթֆոնի «կոտրելու» գործընթացը կարող է տեւել մի քանի ժամից մինչեւ մի քանի օր` կախված նրանից, թե ինչպիսի բարդության է հասանելիության ծածկագիրը։
GrayKey–ը ձեռք բերելու համար նախ պետք է գնել լիցենզիա։ Հաքերները երկու տեսակի լիցենզիա են առաջարկում։ Առաջինը տարեկան լիցենզիան է, որն արժե 15 հազար դոլար։ Դրանով լարելի է ապակոդավորել 300 սմարթֆոն։ Երկրորդ տեսակի լիցենզիայի գինը 30 հազար դոլար է, կարող է ապակոդավորել անսահմանափակ թվով սմարթֆոններ եւ չի պահանջում ինտերնետ կապ, ի տարբերություն առաջինի։
Grayshift–ն իր արտադրանքը վաճառում է միայն իրավապահ մարմիններին, սովորական օգտատերերին այն հասանելի չէ։
GrayKey–ը միակ ընկերությունը չէ, որն այսպիսի ծառայություն է առաջարկում։ Իսրայելական Cellebrite–ը եւս «կոտրում է» Apple արտադրանքները եւ համագործակցում է ոստիկանության հետ, բայց նրա ծառայությունները ավելի թանկ են։